«Գլոբալ տնտեսական ճգնաժամը սպառնալիքի տակ է դնում մարդկության կայուն զարգացումը». Իվան Վոլինկին

«Շրջակա միջավայրի անվտանգության հիմնախնդիրները» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների միջազգային գիտաժողովը մեկնարկեց սեպտեմբերի 27-ին Երևանում` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում։

Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Տաջիկստանի գիտնականները, պաշտոնատար անձինք, նիստի ընթացքում ներկայացրին շրջակա միջավայրի անվտանգության արդիական հիմնահարցերի վերաբերյալ զեկույցներ, որոնք վերաբերում են բնապահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնօգտագործման և այլ ուղղությունների խնդիրներին։

Գիտաժողովի հյուր, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, խոսելով շրջակա միջավայրի անվտանգության խնդիրների մասին, ասաց, որ 21-րդ դարում համապատասխան ուշադրություն չի դարձվում շրջակա միջավայրի խնդիրներին։ «Երկիր մոլորակում շրջակա միջավայրի վիճակը շատ արագ կերպով վատանում է. փոփոխվում է կլիման, անտառածածկ տարածքները գնալով ավելի ու ավելի են փոքրանում, ոչնչացվում է օզոնային շերտը։ Ակնհայտ է այն փաստը, որ գլոբալ տնտեսական ճգնաժամը սպառնալիքի տակ է դնում մարդկության կայուն զարգացումը»,-  ասաց Վոլինկինը։

Գիտաժողովի նպատակներից է՝ ռազմավարություն մշակող և որոշումներ կայացնող անձանց ուշադրությունը հրավիրել բնապահպանական հիմնահարցերին, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում են բնակչության, պարենային անվտանգության, սոցիալ-աշխատանքային ներուժի աճի վրա:

Գիտաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանյան ազգային ներկայացուցչությունը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։

Տեսանյութեր

Լրահոս