«Իսկ ի՞նչ կարող է անել Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը, և ի՞նչ կուզենք մենք, որ անեն». Արշակ Սադոյան
«Այս պայմաններում, բնական է, հարց պետք է ծագի՝ իսկ ի՞նչ կարող է անել Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը, և ի՞նչ կուզենք մենք, որ անեն»,-րայսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ անդրադառնալով կառավարության փոփոխություններին։
Նրա խոսքով՝ այն, որ կառավարությունը նախկին վարչապետի գլխավորությամբ սկզբունքորեն հնարավոր չէր, որ որևիցե լուրջ, արմատական փոփոխություններ աներ այս երկրի կյանքում, և այն, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում ոչ միայն տնտեսությունը, այլև իրավահարաբերությունները՝ նաև մարդկանց նկատմամբ, այս պայմաններում, բնական է՝ երկրի կառավարությունը պետք է փոխվեր։
«Իհարկե, մենք կարող ենք ուշադրությունը կենտրոնացնել՝ ով մնաց, ով գնաց հարցի վրա, մեզ համար մի քիչ դժվար է, լավ իմանալով այս երկրի ավանդույթները, որտեղ մարդկանց շատ ավելի մեծ դերակատարում է տրվում, քան ծրագրերի ռազմավարությանը, նույնիսկ մարտավարությանը երկրում։ Այս պայմաններում, բնական է՝ հարց պետք է ծագի՝ իսկ ի՞նչ կարող է անել Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը, և ի՞նչ կուզենք մենք, որ անեն, որովհետև խնդիրը դրված է հետևյալը՝ նա դեռ 2 ամիս ժամանակ ունի ներկայացնելու իր ծրագիրը, բնական է, որ հանրության ապագայով հետաքրքրվող ուժերն առաջին հերթին՝ փորձելու են ներկայացնել, թե ինչ պետք է անի նոր ձևավորվող կառավարությունը»,- նշեց Ա. Սադոյանը։
Ըստ նրա՝ մեր քաղաքական դաշտն այնքան է ձևափոխվել դեպի վատ կողմը, որ մեր քաղաքական դաշտում նույնիսկ փորձ չի արվում առաջարկություններ ներկայացնել, պահանջել, որ այս հարցերը մտնեն ծրագրի մեջ։ Ա. Սադոյանի համար պարզ է, որ այսօրվա Ազգային ժողովում գտնվող գրեթե բոլոր կուսակցությունները չունեն առաջարկ. «Պետք է համատեղ պահանջեն իսկապես արմատական փոփոխություններ՝ և՛ կառավարության ձևավորման համար, և՛ իրավապահ մարմինների, ընտրությունները կազմակերպող մարմինների համար»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։