«ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի տապալման հավանականությունը ցածր է». Լեհ վերլուծաբան

«Անվտանգության բաղադրիչն ամրացնելու ԵՄ մտադրությունը քաղաքական ուղերձ է Ռուսաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ԵՄ գործողությունները կոորդինացնելու՝ Եվրոպական հանձնաժողովի  մտադրությանը։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Եվրամիության երկրներին անհրաժեշտ է ստեղծել միասնական ռազմական շտաբ։ Նա հայտնել էր, որ կազմակերպության գործունեությունը պետք է ուղղված լինի միասնական զինված ուժերի ստեղծմանը։

«Եվրամիության երկրները պետք է ուժեղ լինեն ռազմական տեսանկյունից։ ԵՄ-ն պետք է իր գործողությունները կոորդինացնի ՆԱՏՕ-ի հետ»,- ասել էր նա։

Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Յունկերի այս հայտարարությունն անակնկալ չէր, քանի որ Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում ներառվել էր դրույթ այս մասին։ Լեհ վերլուծաբանը հիշեցրեց, որ վարշավյան գագաթաժողովի ժամանակ ամենաշատ քննարկված հարցերից մեկը սա էր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի պաշտոնյաների կողմից։

Կարդացեք նաև

«ԵՄ-ն անվտանգություն ապահովող կառույց չէ, բայց վերջին զարգացումներն Արևելյան Եվրոպայում ցույց տվեցին, որ Եվրոպայում ինտեգրացիան անհնար է առանց անվտանգության ապահովման՝ այն պայմաններում, երբ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն բավականին կտրված են գործում։ ԵՄ-ն հասկացավ, որ սեփական անվտանգությունը պետք է ամրապնդել, սակայն գլխավորաբար այս նախաձեռնությունները պետք է վերաբերեն այն երկրներին, որոնք ԵՄ անդամակցության ճանապարհին են կամ ԵՄ ինտեգրացիայի, խոսքն  «Արևելյան գործընկերության»  երկրների մասին է։ Թե ինչպես ու ինչ գործառույթներ կիրականացնի ռազմական շտաբը, դեռ պարզ չէ, բայց իմ ենթադրություններով՝ այն բավականին մոբիլ ուժ է լինելու, ամենայն հավանականությամբ, արագ արձագանքման ուժերի նմանությամբ։ Սրանք Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում ՆԱՏՕ-ի  բազմազգ ուժերի հետ զգոնություն կհաղորդեն Ռուսաստանին»,- ասաց Զաշտովտը՝ հավելելով, որ սա քաղաքական ուղերձ է Ռուսաստանին այն մասին, որ խաղի նախկին կանոններն այլևս չեն գործում։ Զաշտովտի համոզմամբ՝ սա մեծապես չի փոխելու ուժերի հավասարակշռությունը, այլ ավելի է սերտացնելու ԵՄ-ՆԱՏՕ գործակցությունն ու ուժեղացնելու Ռուսաստանի զգոնությունը։ «Այնուամենայնիվ, ԵՄ-ն չի կարող փոխել իր ձևաչափը՝ դառնալով այդ ոլորտում լուրջ գործոն, այս միջոցները պաշտպանությանն ուղղված փոքրիկ միջոցառումներ են»,- նկատեց լեհ վերլուծաբանը։

Հարցին, թե սա ինչ արձագանքի կարժանանա Ռուսաստանի կողմից՝ հատկապես Հայաստանի դեպքում, որը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ձևավորման բանակցությունների մեջ է, Զաշտովտն ասաց, որ ՀՀ-ԵՄ բանակցություններն ընթանում են՝ հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ հանձնառությունները։ «Սա նշանակում է, որ Հայաստանը բանակցությունների ավարտին կունենա ԵՏՄ-ին չհակասող փաստաթուղթ, որի տապալման հավանականությունն այս դեպքում շատ ցածր եմ գնահատում։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե այդ բանակցությունները ավարտին կհասնեն  առաջիկա ամիսների ընթացքում։ Դրանք կձգձգվեն հենց այս հակասությունների պատճառով, քանի որ կողմերը չեն ցանկանում կորցնել այս հնարավորությունը՝ փորձելով ուրվագծել այնպիսի համագործակցություն, որն ընդունելի է Հայաստանի և նրա միջազգային պարտավորությունների համար»,- նման տեսակետ հայտնեց Կոնրադ Զաշտովտը։

Վերջինիս համոզմամբ՝ ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ չի կարող առաջարկել Հայաստանին։ «ԵՄ-ն կարող է աջակցել Հայաստանի անվտանգության կայացմանը, որն էլ Հայաստանի ցանկության դեպքում գուցե անի վերանայված «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում»,- հստակեցրեց լեհ վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս