Պոպուլիզմը նույնպես պետք է դրվի «գիտական հենքի» վրա». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ստվերային կառավարություն ձևավորելու մասին հայտարարությանը, գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությունը հետաքրքիր է: Կարծում եմ, որ այս, ըստ էության, նախընտրական փուլում ընտրողները պետք է իմանան, թե այս կամ այն կուսակցությունն ինչ «կադրային բանկով» է իրականացնելու այն համակարգային փոփոխությունները, որոնց անհրաժեշտության մասին բոլորը խոսում են: Օրինակ՝ ումից ես պետք է իմանամ, թե ինչպես է տվյալ կուսակցությունը տեսնում Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումը (իսկ որ այստեղ կտրուկ փոփոխություններ պետք են, կարծում եմ՝ ոչ ոք չի վիճի), եթե ոչ տվյալ կուսակցության «կրթության ստվերային նախարարից»:

Ընդհանրապես, դատելով Նիկոլ Փաշինյանի պրոֆեսիոնալ կառուցված ելույթներից, ինչպես նաեւ, օրինակ, Խորենացի փողոցի հանրահավաքում կիրառված ժեստից՝ ձեռքերը ափերով վեր, որը խորհրդանշում է անզեն քաղաքական պայքարը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ աշխատում են լուրջ քաղաքական տեխնոլոգներ՝ կարծում եմ, ոչ Հայաստանից: Դա, իմ կարծիքով, ոչ թե թերություն է, այլ առավելություն. «տնայնագործական» պոպուլիզմի՝ «վայ, թալանեցին, վայ, թուրքից վատն են» ժամանակն անցել է: Պոպուլիզմը նույնպես պետք է դրվի «գիտական հենքի» վրա»:

Տեսանյութեր

Լրահոս