Բաժիններ՝

Մարտական դիրքում զոհված Արման Ղանդիլյանը հուղարկավորվեց զինվորական կարգով

Մարտական դիրքում զոհված զինծառայող Արման Ղանդիլյանի աճյունը հողին հանձնվեց հայրենի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի գերեզմանոցում` զինվորական կարգով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Արման Ղանդիլյանի ընտանիքին այցելեցին եւ իրենց ցավակցությունները հայտնեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի ողջ աշխատակազմը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, զինկոմ Արմեն Հովսեփյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հոգեհանգստյան կարգը կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

«Մարիամ Աստվածածինն էլ տեսավ իր որդու չարչարանքները, բայց տոկունությամբ տարավ` գիտակցելով, որ իր զավակը զոհաբերվում է հանուն մարդկանց փրկության: Եկեք չմոռանանք, որ մարդու ապրած կյանքը չի չափվում միայն այս հողի վրա ապրած ժամանակով, այլ կատարված գործերով: Մենք կորցրել ենք Հայոց բանակի զինվորին, ով մասնակցել է հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը, ծառայության ընթացքում աչքի ընկել պարտաճանաչությամբ: Կգա ժամանակը, երբ, ինչպես Հայոց ցեղասպանության բոլոր զոհերը, կսրբադասվեն Մայր հայրենիքի համար զոհված մեր բոլոր զինվորները, նաեւ՝ ձեր ու մեր սիրելի Արմանը»,- զոհված զինծառայողի ծնողներին ու հարազատներին սփոփանքի խոսքով դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը:

Արման Ղանդիլյանի աճյունը հողին հանձնվեց բազմահազարանոց թափորի ուղեկցությամբ:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս