ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման ուղիները
ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 9-ին անցկացվել է նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների և զինծառայողների շրջանում ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերլուծման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը նվիրված սե մինար-քննարկում:
Սեմինար-քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է գերատեսչական շահագրգիռ կառույցների, իրավապահ մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մշակված նոր ծրագրերը, որոնք հնարավորություն կտան զինված ուժերում նվազագույնի հասցնել ինքնասպանությունների թիվը:
Զեկույցներով հանդես են եկել ՀՀ պաշտպանական գերատեսչության, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը, գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանգամանալից ներկայացրել է ինքնասպանության քրիստոնեական ընկալումը: Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվել նաև զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի և պատճառների, նպաստող պայմանների, ինչպես նաև զինծառայողների հոգեհուզական վիճակի կայունացմանը նպաստող գործոնների վիճակագրություն: Հնչել են նաև մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է իր նկատառումները: