Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամ Հովհ. Ղազարյանը հրաժարվել է ՄԻԵԴ դիմելուց. ՀՔԱՎ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց վարույթ ընդունել «Հիմնադիր խորհրդարանի» Լոռու մարզի նախկին համակարգող Հովհաննես Ղազարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների շրջանակում 2015 թ. ապրիլին նրա բնակարանում և տիրապետության տակ գտնվող գրասենյակում իրականացված խուզարկությունների և նրան ապօրինի բերման ենթարկելու գործով վճռաբեկ բողոքը: Ինչից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավված փաստաբաններ Ա. Հարությունյանը և Ա. Սուքիասյանը պատրաստվում էին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք), 6-րդ (Արդար դատաքննության իրավունք), 10-րդ (Արտահայտվելու ազատություն), 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 14-րդ (Խտրականության արգելում) հոդվածների հիման վրա: 2016 թ. օգոստոսի 15-ին Հովհաննես Ղազարյանը դիմումով խնդրել է գործի վերաբերյալ հետագա գործողություններ չկատարել՝ անհրաժեշտ չհամարելով դիմել ՄԻԵԴ:
Հիշեցնենք, որ ի թիվս «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների, Հովհաննես Ղազարյանի (որն այլևս «Հիմնադիր խորհրդարանի» անդամ չէ) նկատմամբ ևս իրականացվել է քաղաքական հետապնդում, մասնավորապես՝ 2015 թ. ապրիլի 7-ին նրա բնակարանում և նրա տրամադրության տակ գտնվող գրասենյակում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ