«Այս հանգրվանին հնարավոր չէր վարչապետի պաշտոնում նշանակել մեկին, ով ռուսամետ չէ».Կայծ Մինասյան

«Վարչապետի փոփոխությունն անհրաժեշտ, բայց անբավարար քայլ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին ու Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրմանը ՀՀ վարչապետի պաշտոնում։

Կայծ Մինասյանն ասաց, որ տեղի ունեցածը սպասելի էր։ Ըստ նրա, հնարավոր չէ ասել, որ արմատական փոփոխություն է, բայց մեծ փոփոխություն է, որը հաջողություն կարող է ունենալ միայն շարունակականության դեպքում՝ պետք է լինեն այլ փոփոխություններ, նշանակումներ, հրաժարականներ։

«Իմ համոզմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը պետք է փոխվի, սպասենք։ Բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական գործիչները, քաղաքացիները պնդում էին տարիներ ի վեր, որ այլևս անկարելի է այսպես շարունակել։ Անշուշտ, Հովիկ Աբրահամյանն այս բացասական միտումների, իրավիճակի միակ պատասխանատուն չէ, բայց ոչ մի դրական արդյունք չի արձանագրել իր պաշտոնավարման օրոք։

Կարեն Կարապետյանն ավելի պրոֆեսիոնալ է, փորձ ունի,   ոչ քաղաքական անձ է, հասկանում է տնտեսությունից, էներգետիկայից, ավելի պրոֆեսիոնալ գործիչ է, քան քաղաքական։ Հուսանք, որ նա լավ կառավարիչ կլինի և որակ կփոխի։ Ես փոքր-ինչ լիահույս եմ, պետք է շարունակվի փոփոխությունը, միայն անձերի խնդիր չէ, ավելի խորքային, ավելի քաղաքական վիճակը պետք է փոխվի, պետք է ժողովրդականացվի համակարգը։ Մեծ պատասխանատվություն ունի իր ուսերին նոր վարչապետը, և հուսանք, որ փոփոխություններ կլինեն, և որքան շուտ՝ այնքան լավ։

Արդեն հայտնի է, որ երկու ուղղությամբ է աշխատելու նոր վարչապետը՝ պետք է լինեն փոփոխություններ նրա պաշտոնավարման առաջին ամիսներին և երկար ժամանակաշրջանում։ Սպասենք, սա լավ լուր է, բայց բավարար չէ, անհրաժեշտ, բայց անբավարար քայլ է»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունն ունի նաև Մոսկվայի համակրանքը՝ Մինասյանն ասաց, որ հայաստանյան բոլոր քաղաքական փոփոխություններում մշտապես ռուսական գործոնն առկա է, քանի որ Հայաստանն անկախ, ինքնիշխան կարգավիճակ չունի, Հայաստանի կարգավիճակը Ռուսաստանի կարգավիճակի շարունակությունն է։

«Սա առաջին դեպքը չէ։ 2008թ., երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահությունը, ՀՀ ԱԳ նախարար նշանակեց անձի, ով Երևանում չէր ապրում՝ Էդվարդ Նալբանդյանին։ Կարևոր չէ՝ որտեղից է եկել այդ անձը, հարցն այն է, թե արդյոք Կարապետյանն ամբողջությամբ հայկակա՞ն շահերը կպաշտպանի, թե՞ ռուսահայկական։ Դա է հարցը։ Այնքան վատ է տնտեսական, քաղաքական վիճակը, որ կարծես պրոֆեսիոնալիզմն է կարևոր։ Բայց նշանակել անձի, որը ռուսամետ չէ, հնարավոր չէր այս պահին, այս հանգրվանին։ Պետք էր նշանակել մեկին, ով ռուսների հետ լավ հարաբերություններ ունի, ճանաչված ու հարգված է։ Պետք է տեսնենք, թե ինչպիսին կլինի նա գործի մեջ»,- նման կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս