«Միսս Ճապոնիա» կոչմանն արժանացել է հնդկական արմատներով Պրիյանկա Յոսիկավան
«Միսս Ճապոնիա-2016» գեղեցկության մրցույթում հաղթել է հնդկական արմատներ ունեցող աղջիկը: Երկրորդ տարին անընդմեջ այս մրցանակը բաժին է հասնում հավակնորդուհու, որի ծնողներից մեկը ճապոնացի կամ ճապոնուհի չէ: Նրա հաջողությունը հարուցել է որոշ ճապոնացիների դժգոհությունը, որոնք հայտարարել են, թե գլխավոր մրցանակը հարկավոր Էր տալ ոչ թե խառնածինի, այլ «իսկական» ճապոնուհու, տեղեկացնում է BBC-ն:
22-ամյա Պրիյանկա Յոսիկավան, որը դիպլոմավոր՝ փղեր վարժեցնող է, հայտարարել է, թե մտադիր է իր հաղթանակն օգտագործել կարծրատիպերի հաղթահարման համար:
Անցյալ տարվա հաղթող Արիանա Միյամոտոն՝ ճապոնուհու եւ աֆրոամերիկացու դուստրը, դարձել է խառը ռասայի առաջին ներկայացուցչուհին, որը Ճապոնիայում հաղթել է գեղեցկության համազգային մրցույթում:
Ճապոնիայում այժմ բոլոր նորածինների սոսկ 2 տոկոսն են խառը ռասաների կամ «հաաֆուի» ներկայացուցիչներ, ինչը ճապոներեն նշանակում է «կես»:
«Մենք ճապոնացիներ ենք,- ասել է Պրիյանկա Յոսիկավան Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:- Այո, իմ հայրը հնդիկ է, եւ ես դրանով հպարտանում եմ: Ես հպարտանում եմ, որ իմ մեջ հնդկական արյուն կա: Բայց դա դեռ չի նշանակում, թե ես ճապոնացի չեմ»: