Թուրքական բանակը մտավ Սիրիա
Թուրքական բանակը գրոհել է ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերը Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս քաղաքի շրջանում, «Եփրատի վահան» գործողությունը անցկացվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Թուրքական զորքերի հարձակումը դարձել է պատասխան զինյալների` Թուրքիայի Գազիանտեպ նահանգի Կարկամըշ սահմանամերձ շրջանի գնդակոծման:
Անկարայում կարծում են, որ Ջարաբլուսի ազատագրումը կօգնի թուրքական սահմանները մաքրել ահաբեկչական խմբավորումներից և նպաստել Սիրիայի տարածքային ամբողջականությանը:
Վերջին շրջանում քաղաքը դարձել էր ԴԱԻՇ-ի և Սիրիայի չափավոր ընդդիմության բախումների կենտրոնը: Երեքշաբթի զինյալները գնդակոծել էին Թուրքիայի տարածքը, ի պատասխան, թուրք զինվորականները հրետանային հարվածներ էին հասցրել զինյալների դիրքերին:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ջարաբլուսի հարցը երկրի ազգային անվտանգության հարցն է:
«Թուրքիան չի կարող թույլ տալ, որ այն մնա ԴԱԻՇ-ի ձեռքում: Եթե Սիրիայում չլիներ քաղաքացիական պատերազմ, չէր առաջանա նաև ԴԱԻՇ-ը: Թուրքիան գործում է միջազգային կոալիցիայում, որպեսզի ԴԱԻՇ-ից խլի Ջարաբլուսն ու Մոսուլը»,- Քուրթուլմուշի խոսքերը մեջբերել է թուրքական NTV հեռուստաալիքը: