Քիրա Նայթլին Դրաժե փերուն կմարմնավորի դիսնեյյան «Մարդուկ-ջարդուկ»-ում
Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին «Մարդուկ-ջարդուկ»-ի դիսնեյյան էկրանավորման մեջ մարմնավորելու է Դրաժե փերուն: Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ը: Երաժշտական հեքիաթի թողարկման ամսաթիվն առայժմ չի հայտարարվել: Նայթլին է միացել 15-ամյա դերասանուհի Մաքքենզի Ֆոյի, որին բաժին է հասել ժապավենի գլխավոր դերը: Նախագծին նաեւ հրավիրել են Մորգան Ֆրիմանին, բայց թե ում է նա մարմնավորելու, առայժմ անհայտ է:
Կինոնկարն ստացել է «Մարդուկ-ջարդուկը եւ Չորս թագավորությունները» աշխատանքային անվանումը: Ֆիլմի վրա աշխատելու է շվեդ ռեժիսոր Լասե Հալսթրեմը: 31-ամյա Քիրա Նայթլին հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները» սերիայում, «Աննա Կարենինա», «Դոկտոր Ժիվագո», «Թիկնապահը», «Էվերեստ», «Նմանակման խաղ», «Հպարտություն եւ նախապաշարում» եւ այլ կինոնկարներում խաղացած դերերով:
Հոֆմանի «Մարդուկ-ջարդուկը եւ Մկների թագավորը» օրիգինալ հեքիաթը հրապարակվել է 1816 թվականին, բայց այն լայն ճանաչում է ստացել միայն 76 տարի հետո Պյոտր Չայկովսկու բալետային տարբերակում: