Զինծառայողը 2 ամիս անց վաղաժամկետ զորացրվել է. քիթ-կոկորդ-ականջաբանն արդարացվել է
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ «Ճամբարակի առողջության կենտրոնի» քիթ-կոկորդ-ականջաբանն արդարացվել է: Դատարանը և հռչակել է Ռ. Ավալյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում, և արդարացնել նրան՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Դատարանը վճռել է նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք, որ դատավճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ և կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան` հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Ինչում է մեղադրվել բժշկուհին
13.11.2015թ. քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել: Նույն օրը զինծառայողը ճանաչվել է որպես տուժող:
29.02.2016թ. Ռ. Ավալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ աշխատելով «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում` որպես քիթ-կոկորդ-ականջաբան, ընդգրկված լինելով Ճամբարակի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում, օժտված լինելով ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիների` անվճար ատամնաբուժական հետազոտություն կատարելու իրավասությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ, 18.06.2015թ. ցուցաբերել է պաշտոնեական անփութություն` պարտադիր զինծառայության զորակոչվելու համար բժշկական հետազոտությունների ենթարկվելու նպատակով Ճամբարակի զինվորական կոմիսարիատի կողմից ուղեգրված Գեղարքունիքի մարզի բնակչի ատամնաշարի հետազոտություն կատարելիս, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում չի հայտնաբերել երիտասարդի մոտ առկա, զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու համար հիմք հանդիսացող «վերին և ստորին ծնոտների մասնակի երկրորդային ատենդիա (7 ծամիչ` ստորին, 3 ծամիչ` վերին ծնոտների վրա), ծամողական ֆունկցիայի չափավոր խանգարումով» հիվանդությունը, այլ երիտասարդի անձնական գործում կատարել է նրա ատամնաշարի որևէ պաթոլոգիա չունենալու վերաբերյալ, իրավաբանական փաստի ուժ ունեցող գրառում, ինչի հիման վրա հաստատվել է երիտասարդի` զինծառայության համար պիտանի լինելու հանգամանքը:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. հուլիսին երիտասարդը զորակոչվել է բանակ, սակայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ 2 ամիս անց վաղաժամկետ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
Քիթ-կոկորդ-ականջաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ինչ ցուցմունք է տվել բժշկուհին
Ըստ դատական ակտի՝ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ռ. Ավալյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տուժողի բուժզննման ժամանակ, բացի ստուգելուց, հարցրել է՝ քիթ-կոկորդի հետ կապված խնդիրներ ունի՞, թե՞ ոչ, որին վերջինս պատասխանել է, որ չունի: Նրա խոսակցականը եղել է նորմալ, ինչ վերաբերում է ատամների բացակայությանը, ապա ինքը դա տեսել է: Այդ մասին հարցին տուժողը պատասխանել է, որ դրանց բուժմամբ է զբաղված, հավատալով տուժողին, ինքն ասել է, որ, երբ ավարտի՝ մեկ անգամ էլ ներկայանա իրեն, նա էլ հայտնել է, որ ավարտելուց հետո կներկայանա, միակ սխալն այն է եղել, որ հավատացել է նրան: Տուժողի առողջության անձնագրում, երբ կատարել է «պիտանի է» գրառումը, նկատի է ունեցել քիթը, կոկորդը, ականջները:
Դատաքննության ընթացքում հրապարակվել է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքը, որով վերջինս հայտնել է, որ երկար տարիներ աշխատել է «Ճամբարակի առողջության կենտրոնում»՝ որպես քիթ-կոկորդ-ականջաբան:
2015թ. ամառային զորակոչի ընթացքում մարզպետի որոշմամբ նշանակված է եղել որպես քիթ-կոկորդի մասնագետ, և ատամնաբույժի պարտականությունները դրված են եղել իր վրա: 18.06.2015թ. իրենց քաղաքի զորակոչիկները ներկայացել են բժշկական հանձնաժողովի նիստին, որոնց մեջ է եղել նաև գործով տուժողը: Ինքը զննել է վերջինիս քիթը, կոկորդը, ականջը և բերանի խոռոչը, որի ընթացքում որևէ խանգարում չի նկատել: Նրա ծնոտի կազմվածքը եղել է նորմալ, խոսակցականը՝ պարզ, սակայն ունեցել է փչացած և բացակա ատամներ: Ինքը նրան ասել է, որ ունի ատամի հետ կապված խնդիրներ, ինչին տուժողը պատասխանել է, որ ինքը բուժվում է: Նույն խնդրի մասին տեղեկացրել է այդ պահին իր մոտ գտնվող և ՀՀ ՊՆ Ճամբարակի զինկոմիսարիատի աշխատակցին, ով առանձնապես ոչինչ չի պատասխանել` ասելով՝ բուժվում է՝ թող բուժվի: Ինքը միամտաբար, հավատալով նրա խոսքերին, թե բուժվելու է մինչև զորակոչի ավարտը և առողջ վիճակում կներկայանա իր մոտ, նրա անձնական գործի մեջ նշել է, որ պիտանի է զինվորական ծառայությանը: Դրանից հետո ինքը տուժողին չի տեսել:
Մի քանի ամիս անց տեղեկացել է, որ նրան զորացրել են ատամնաշարի հետ կապված խնդիրների պատճառով: Ինքը զղջացել է, որ նման դեպք է տեղի ունեցել, սակայն ցանկացել է հայտնել, որ ինքն ատամնաբույժի որակավորում չունի: Հարցերին պատասխանելով՝ հայտնել է, որ սահմանված կարգի համաձայն՝ նման խնդիրներ հայտնաբերելու դեպքում պետք է արձանագրվի փչացած և բացակա ատամների քանակը, ծնոտի դեֆորմացիայի առկայությունը, որից հետո հիվանդը համապատասխան ուղեգրով ուղեգրվում է համապատասխան բուժհաստատություն` բուժվելու նպատակով: Տուժողի հետ այդ միջոցառումները չի իրականացրել, քանի որ վստահել է վերջինիս խոսքերին, որ բուժվում է, և համոզված է եղել, որ մինչ զորակոչվելը կավարտի բուժումը:
Ինչ ցուցմունք է տվել տուժողը
Դատաքննության ընթացքում տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալին ճանաչում է դեպքի հետ կապված, հարաբերություններ չունի: Ինքը ՀՀ ՊՆ Ճամբարակի զինկոմիսարիատից` 16 տարին լրանալուց հետո, ծանուցագիր է ստացել, որպեսզի հաշվառվի՝ հետագայում բանակ զորակոչվելու համար, ներկայացել է, որից հետո կատարել են բուժհետազոտություն և իրեն առողջական խնդիրներ ունենալու, այդ թվում՝ ատամների բացակայության պատճառով գործուղել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Երբ լրացել է իր 18 տարին, արդեն բանակ զորակոչվելու համար, դարձյալ ներկայացել է զինկոմիսարիատ, իրեն անձնական համապատասխան թղթերով զինկոմիսարիատի աշխատակցի ուղեկցությամբ տարել են «Ճամբարակի» բուժկենտրոնի պոլիկլինիկա, որտեղ նայելով, թե բուժզննման համար նախատեսված բլանկում նշված ինչ բժիշկների մոտ պետք է ստուգման ներկայանա` հերթով մտել է նրանց սենյակները: Ամբաստանյալի սենյակի դռան վրա գրված է եղել՝ քիթ-կոկորդի բժիշկ, և ինքը՝ տեսնելով, որ բլանկում կա նշված նման բժշկի մոտ ստուգվելու տող, մտել է նրա մոտ:
Բժշկուհի Ավալյանը հետազոտել է իրեն, երբ նայել է բերանի խոռոչը, ասել է, որ ատամների խնդիր ունի, պետք է ստուգվի, ինքը նրան պատասխանել է, որ ինքն այդ ժամանակ արդեն դիմել է համապատասխան բժշկի` ատամները սարքելու համար: Բժշկուհին իրեն ասել է, որ, երբ սարքի-վերջացնի, ներկայանա իրեն, սակայն ինքն ատամները չի սարքել, չի կարողացել շարունակել դրանց բուժումը ու այդ պատճառով չի ներկայացել բժշկուհուն: Դրանից հետո, 2015թ. ամառային զորակոչի ժամանակ ինքը զորակոչվել է, և արդեն կենտրոնական հավաքակայանում բուժզննման արդյունքում՝ գտնելով, որ իր մոտ ատամների խնդիր կա, ինքը չգիտի՝ այդ բժիշկն ատամնաբո՞ւյժ է եղել, թե՞ այլ մասնագիտացման բժիշկ, գործուղել են «Մուրացանի» անվան հոսպիտալ, իրեն ճանաչել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի:
Ինքն ամբաստանյալից որևէ պարտք, պահանջ, բողոք չունի, ենթադրում է, որ, եթե իրեն զորակոչել են՝ ուրեմն Ճամբարակի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում ընդգրկված բոլոր բժիշկները, այդ թվում՝ ամբաստանյալը, իրեն համարել են զինծառայության համար պիտանի: Որքան որ հիշում է՝ նշված բլանկում ատամնաբույժին վերաբերող տող չի եղել:
Դատարանի վերլուծությունը և եզրահանգումը
Դատարանը հաստատված է համարել այն, որ ամբաստանյալ Ռոզա Ավալյանը աշխատել է «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում` որպես քիթ-կոկորդ-ականջաբան, ընդգրկված է եղել Ճամբարակի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում, տուժողի հետազոտության արդյունքում համապատասխան փաստաթղթերում քիթ-կոկորդ սյունակի դիմաց նշել է «Պիտանի է» նշումը, որը մյուս հետազոտությունների արդյունքների հետ համակցության մեջ հանգեցրել է համապատասխան բժշկական հանձնաժողովի այն հետևությանը, որ տուժողը պիտանի է զինվորական ծառայության համար: Առաջադրված մեղադրանքի մյուս մասը դատարանը հաստատված չի համարել:
Դատարանը նշել է, որ մեղադրանքի հիմքում դրված իրավական ակտերով և ընդհանրապես, որևէ այլ իրավական ակտով զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված քիթ-կոկորդ-ականջի բժիշկ մասնագետների վրա, այդ թվում՝ ամբաստանյալի վրա, չեն դրվել ատամնաբույժ բժիշկ մասնագետի պարտականություններ:
Դատարանը գտել է, որ տվյալ պարագայում ամբաստանյալ Ռ. Ավալյանը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ կառավարության կողմից ընդունված վերը նշված իրավական ակտերով և, ընդհանրապես, որևէ իրավական ակտով օժտված չի եղել ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիների անվճար «Ատամնաբուժական» հետազոտություն կատարելու իրավասությամբ: Վերջինս օժտված է եղել ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի արական սեռի ՀՀ քաղաքացիների անվճար «քիթ-կոկորդ-ականջի» հետազոտություն կատարելու իրավասությամբ:
Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ համապատասխան փաստաթղթերում ամբաստանյալի կողմից նշվել է «Պիտանի է» նշումը միայն «քիթ-կոկորդին» վերաբերող մասում: Հետևաբար՝ ամբաստանյալի կողմից տված ախտորոշումները չէր կարող նպաստել և ուղղորդել զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամների կողմից տուժողի ատամներին վերաբերող մասով որոշումների կայացմանը, չէր կարող առաջացնել, փոփոխել, դադարեցնել իրավական հարաբերություններ, այսինքն՝ ամբաստանյալի արարքը չէր կարող ունենալ իրավաբանական փաստի ուժ:
Դատարանն արձանագրել է, որ, քանի որ ամբաստանյալը չի ունեցել համապատասխան պարտականություններ, հետևաբար՝ չէր կարող նաև համապատասխան արարքով իր պարտականությունները չկատարել կամ ոչ պատշաճ կատարել: Հետևաբար՝ անհիմն է մեղադրանքի այդ մասը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը