«Ռուսաստանին մնում է միայն մեկ բան. պատերազմ հրահրել Արցախի և Ադրբեջանի միջև». Արմեն Վարդանյան
Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի հետ
– Պարոն Վարդանյան, երբ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանում որոշակի ոգևորություն կար, խոսվում էր տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների մասին: Արդյոք հիմա հայ–իրանական տնտեսական հարաբերությունները որոշակիորեն ետին պլան չե՞ն մղվում՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ Իրանի բավական սերտ համագործակցության համատեքստում։
– Այո, Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Հայաստանում մեծ ոգևորություն կար, ինչն անհիմն չէր: Սակայն խնդիրն այն է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները, չնայած առկա մեծ ներուժին, զգալի արդյունքներ չեն կարող ցույց տալ՝ հաշվի առնելով երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը: Հայաստանի արտահանման հնարավորություններն ու տեսականին շատ սահմանափակ են: Օրինակ՝ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ մեծ թիվ է կազմում ոգելից խմիչքների արտահանումը, որը, հասկանալի պատճառներով, Իրան չի կարող արտահանվել: Կամ մենք չենք կարող պղինձ և մոլիբդեն արտահանել, քանի որ մեր հարևան երկիրը դրա կարիքը չունի: Պետք է նշել նաև, որ երկար տարիներ գտնվելով միջազգային պատժամիջոցների ներքո՝ Իրանը դարձել է ինքնաբավ երկիր, և շատ ապրանքներ հենց ինքն է արտադրում: Բացի դրանից, տեղական արտադրողներին խրախուսելու և նրանց արտադրանքը պաշտպանելու համար Իրանում բարձր մաքսատուրքեր են սահմանված այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար:
Այսինքն՝ օբյեկտիվորեն մեր երկիրը չի կարող շատ մեծ քանակով և տեսակի ապրանքներ արտահանել: Ներկայումս Հայաստանից դեպի Իրան արտահանվում է մոտ 100 տեսակ ապրանք, այն էլ՝ քիչ քանակությամբ: Այստեղ կարևոր է, որ Հայաստանը դառնա իրանական ապրանքների արտահանման համար տարանցիկ երկիր, և այդ կապակցությամբ որոշակի քայլեր արվում են, չնայած պետք է ասել, որ Ադրբեջանն էլ ամեն ինչ անում է, որ իրանական ապրանքները հենց իր տարածքով տեղափոխվեն Ռուսաստան և Եվրոպա:
– Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, տեսնում ենք, որ Ռուսաստանն էլ կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի հետ, հնարավո՞ր է, որ առաջիկայում Թուրքիան էլ միանա այս եռյակին, ու Հայաստանին մեկուսացնելու՝ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունն իրականանա, թե՞ Իրանը կփորձի հավասարակշռությունը պահել:
– Ռուսաստանը և Ադրբեջանը, արդեն մի քանի տարի է, քայլեր են ձեռնարկում Ռուսաստան-Ադրբեջան-Իրան աշխարհաքաղաքական եռանկյունի ստեղծելու և այն զարգացնելու ուղղությամբ: Ռուսաստանի նպատակն Արևմուտքին հակադրվելն է, ընդդեմ նրա հակակշիռներ ստեղծելը, իսկ Ադրբեջանը ձգտում է այն օգտագործել Հայաստանի մեկուսացումն ավելի խորացնելու, ինչպես նաև՝ մեր երկու ռազմավարական դաշնակիցներին՝ Ռուսաստանին և Իրանին, իր կողմը քաշելու համար: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկիրը մի կողմից՝ հարաբերությունները բարելավում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, բայց մյուս կողմից էլ՝ չի շտապում նետվել Արևմուտքի գիրկը: Խորացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Իրանն Արևմուտքին ցույց է տալիս, որ ինքն ունի այլընտրանք, և, եթե ԱՄՆ-ը ու ԵՄ-ն շարունակեն որոշ հարցերում կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, ապա այդ երկիրը կարող է թեքվել դեպի Ռուսաստան:
Խոսքն առաջին հերթին՝ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման և զարգացման, ինչպես նաև՝ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի մասին է, որոնց պատճառով այդ երկիրը հաճախակիորեն քննադատության է արժանանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից:
Բացի այդ, Իրանը միացել է այդ աշխարհաքաղաքական եռանկյունուն, քանի որ Ադրբեջանի միջոցով կարող է տնտեսական հարաբերությունները խորացնել Ռուսաստանի հետ: Մոսկվա-Բաքու-Թեհրանին միանալու մեծ հնարավորություն ունի նաև Անկարան, քանի որ Թուրքիան նույնպես զգալիորեն վատացրել է հարաբերություններն Արևմուտքի հետ: Թուրքիայի միացումն այդ եռանկյունուն արդեն իսկ ուրվագծվում է, և մենք տեսնում ենք, թե որքան արագ տեմպերով են զարգանում նաև թուրք-իրանական և ռուս-թուրքական հարաբերությունները: Պատահական չէ, որ Բաքվում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո Իրանի արտգործնախարարը մեկնեց Թուրքիա, որտեղ նրան շատ ջերմ ընդունեցին, ինչպես նաև որոշում կայացվեց, որ Իրանը կմեծացնի գազի արտահանման ծավալները Թուրքիա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Իրանը կմեկուսացնի՞ Հայաստանին, թե՞ ոչ, ապա իմ խորին համոզմամբ՝ Իրանը զուգահեռաբար կզարգացնի նաև հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Իրանին ձեռնտու չէ կախվածության մեջ մնալ Ադրբեջանից՝ հաշվի առնելով այդ երկու երկրների միջև նախկինում եղած բավականին լարված հարաբերությունները: Թեհրանը կխորացնի նաև Երևանի հետ հարաբերությունները, քանի որ Իրանին պետք է ուժեղ Հայաստան՝ ի հակակշիռ Ադրբեջանի: Պատահական չէ, որ Իրանը որոշում կայացրեց Վրաստան գազ արտահանել հենց Հայաստանի տարածքով, չնայած Ադրբեջանը նույնպես առաջարկել էր իր ենթակառուցվածքները տրամադրել Իրանին՝ գազի արտահանման համար:
– Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է անի Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ու դրա համար ի՞նչ հնարավորություններ կան:
– Ներկայումս Հայաստանն Իրանին առաջարկում է այդ երկրների ապրանքները ավտոմոբիլային ճանապարհով բեռնատարներով հասցնել Երասխ, որտեղից էլ արդեն գոյություն ունեցող երկաթուղով իրանական ապրանքները կհասնեն Վրաստան, այդտեղից էլ՝ Եվրոպա: Այդ նպատակով Հայաստանը պետք է արագացնի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց Ձորի հատվածների շինարարությունը: Բացի դրանից, տարեսկզբին «Ջուլֆա-Երասխ» երկաթգծի կառուցման կապակցությամբ Հայաստանի և Իրանի միջև բանակցություններ են ընթացել ու դրա ֆինանսավորման շուրջ որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել:
– Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Իրանն այս պահին ի՞նչ դիրքորոշում ունի՝ հաշվի առնելով իրանաադրբեջանական մերձեցումը: Իրանը Հայաստանի համար կստանձնի՞ այնպիսի դեր, ինչպես, օրինակ, Թուրքիան է Ադրբեջանի համար:
– Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն մյուս կողմից էլ՝ պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Այդ երկիրը դեմ է նաև մադրիդյան սկզբունքներին և տարածաշրջանում օտարերկրյա խաղաղապահների առկայությանը:
Միաժամանակ կարծում եմ՝ պետք չէ ընկնել պատրանքների մեջ. Իրանը երբեք Հայաստանի համար չի կարող ստանձնել այնպիսի դեր, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար: Իրանը տեսանելի ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրականացնի հավասարակշռված քաղաքականություն՝ բացահայտորեն չաջակցելով կողմերից մեկին:
– Նշեցիք, որ Իրանը դեմ է մադրիդյան սկզբունքներին և տարածաշրջանում օտարերկրյա խաղաղապահների առկայությանը, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի պլանը հենց դա է. ի՞նչ սպասենք առաջիկայում, Իրանը թույլ չի՞ տա, որ ռուսական պլանն իրականանա:
– Կարծում եմ՝ Իրանը Ռուսաստանին կհասկացնի, որ դեմ է Ղարաբաղ զորք մտցնելուն: Դրան ակնհայտորեն դեմ է նաև Արևմուտքը, այնպես որ, Ռուսաստանին մնում է միայն մեկ բան. պատերազմ հրահրել Արցախի և Ադրբեջանի միջև, և, եթե հայկական զինված ուժերը պարտություն կրեն, և ադրբեջանցիները տարածքներ գրավեն, այստեղ հայկական կողմի խնդրանքով մտնեն՝ որպես խաղաղապահներ: Այլ տարբերակ Ռուսաստանին չի մնում: