«Գերմանիան Ղրիմի դեպքերի հետաքննության արդյունքներ է ակնկալում թե´ Ուկրաինայից, թե´ Ռուսաստանից». Շտայնմայեր

Գերմանիան Ղրիմի դեպքերի հետաքննության արդյունքներ է ակնկալում  թե´ Ուկրաինայից, թե´ Ռուսաստանից, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով:

«Ցավոք, վերջին օրերին տեղի ունեցավ Ղրիմի իրավիճակի սրացում, ինչը մեզ շատ է անհանգստացնում: Դեռ պարզություն չկա այդ իրադարձությունների մասին, և մենք սպասում ենք հետաքննության թե´ ուկրաինական, թե´ ռուսական կողմից: Մենք «Նորմանդյան ձևաչափի» շրջանակում արդեն 2 տարի է, ինչ ձգտում ենք հասնել այդ հակամարտության լուծմանը (Ուկրաինայի արևելքում)»,- Շտայնմայերի խոսքերը մեջբերել է TASS-ը:

Լավրովը, իր հերթին, հայտարարել է, որ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ ուկրաինական հետախուզությունը  դիվերսիաներ է նախապատրաստել Ղրիմում:

«Ի հավելումն նրան, որ դուք տեսել եք հեռուստատեսությամբ, մենք ունենք անհերքելի ապացույցներ, որ դա եղել է դիվերսիա, որը վաղուց է պլանավորվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության կողմից և նպատակ ուներ անկայունացնել իրավիճակը Ղրիմում»,- հայտարարել է Լավրովը:
Ուկրաինական կողմը Լավրովի հայտարարությունը դեռ չի մեկնաբանել, սակայն ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ֆանտազիա էր անվանել ռուսական իշխանությունների հաղորդագրությունը Ղրիմում դիվերսանտների ձերբակալության մասին:

Նախօրեին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացրել էր, որ կանխել է Ղրիմում ուկրաինացի զինվորականների կողմից կազմակերպված ահաբեկչություններն ու դիվերսիաները: Հատուկ գործողության ժամանակ սպանվել էր ՌԴ պաշտպանության նախարարության զինծառայող և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից:

Տեսանյութեր

Լրահոս