Բաժիններ՝

«Պանտերա» ընկերության աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մաքսային տեսուչ Հ. Թանգամյանը դիտավորությամբ բռունցքով ուժգին հարվածներ էր հասցրել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Հիշյալ հանցագործությունը կատարելու համար մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս