Հայաստանում ձևավորվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի անդամներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում ձևավորված կրթական համագործակցությունն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ: Նա միաժամանակ կարևորել է արտասահմանյան բուհերում կրթություն ստացած հայաստանցի ուսանողների պատրաստակամությունը հայրենիք վերադառնալու և ստացած գիտելիքները հանրապետության տնտեսական և հասարակական ոլորտն երում ներդնելու գործում: Նախարար Մկրտչյանը ողջունել է ակումբ ձևավորելու նախաձեռնությունն ու հույս հայտնել, որ այն ակտիվորեն կհամագործակցի ինչպես Հայաստանում գործող շրջանավարտների այլ ակումբների, այնպես էլ բուհերում գործող ուսանողական կառույցների և միությունների հետ:
Սանկտ Պետերբուրգի համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Խաչատուր Սողոմոնյանը նշել է, որ նորաստեղծ մասնաճյուղը թվով չորրորդն է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Մոսկվայից հետո: Նա վստահեցրել է, որ շրջանավարտները պատրաստ են իրենց գիտելիքները ներդնել ոչ միայն մասնագիտական ոլորտներում, այլև ռուսաց լեզվի տարածման և զարգացման գործում: Ակումբի անդամները պատրաստակամություն են հայտնել նաև մասնակցել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին: