Կարմիր խաչը տեղեկություն է տարածել Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացու վերաբերյալ
Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները տեղեկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Հայաստանի քաղաքացու մասին, որն անցել է Ադրբեջանի տարածքը:
Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը:
Նա նշել է, որ Կարմիր խաչը, համաձայն իր մանդատի, կհետևի այդ հարցին:
Նշենք, որ սահմանը հատած տղամարդը Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանն է` ծնված 1954թ.: Նա, ամենայն հավանականությամբ, սահմանը հատել է օգոստոսի 7-ին և հայտնվել Նախիջևանում:
Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը: