Դարդեն եղբայրները դրամա կնկարահանեն Եվրոպայում ահաբեկչության մասին
Բելգիացի ռեժիսորներ Ժան Պիեռ եւ Լյուկ Դարդենները պատմել են ժամանակակից Եվրոպայում ահաբեկչության բռնկմանը նվիրված դրամա նկարահանելու պլանների մասին: Նրանց հայտարարությունը փոխանցել է Variety-ն:
«Ներկայում մենք գրում ենք սցենարը: Նկարահանելու ենք Բելգիայում, իսկ հույս ունենք այն ավարտել մինչեւ եկող տարվա աշուն»,- հայտնել է Լյուկ Դարդենը:
Ռեժիսորը նաեւ պատմել է այն նախագծերի մասին, որոնցում ինքն ու իր եղբայրը հանդես են գալիս որպես պրոդյուսերներ: Խոսքը վերաբերում է Ամելի Վանելբդի «Ծիծաղելի հայրիկը» տրագիկոմեդիային (նկարահանումներն ավարտվում են օգոստոսի 13-ին) եւ դերասան Ժերեմի Ռենիեի ու նրա եղբոր՝ Յանիկի «Գիշատիչը» ռեժիսորական աշխատանքին, որի նկարահանումները նույնպես արդեն մեկնարկել են:
Դարդենների առայժմ վերջին «Անհայտ աղջիկը» ֆիլմը մայիսին մասնակցել է Կաննի փառատոնի հիմնական մրցույթին, բայց մնացել է առանց մրցանակների: Ավելի վաղ եղբայրները երկու անգամ շահել են կինոստուգատեսի «Ոսկե արմավենու ճյուղը» «Ռոզետա» եւ «Մանկիկը» ֆիլմերի համար: