«Միայնակ գայլի» եղբայրը կմնա կալանավորված. բողոքը մերժվեց
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը։
Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է նույն հիմքով, ինչ ընդհանուր իրավասության դատարանում՝ կարող է դիմել փախուստի, խոչընդոտել նախաքննությանը։
Պաշտպանը սրանք անիմաստ ձևակերպումներ անվանեց՝ նշելով, որ Արարատ Խանդոյանը տարիներ շարունակ իրեն նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, ապրիլյան ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից եղել է զինվորների կողքին, ունի մեծահասակ մայր, հաշմանդամ եղբայր։ Բացի այդ, ըստ փաստաբանի՝ ներկայացրել են 1200 քաղաքացիների ստորագրություն, ովքեր երաշխավորել են Արարատ Խանդոյանի համար։ Բողոքը քննվել է դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ։
Փաստաբանն ասաց, որ այս գործերով քաղաքական որոշումներ են կայացվում, դատարաններն օրենքներով չեն ղեկավարվում, քանի որ անկախ չեն և կաշկանդված են։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Նա մեղադրանքը չի ընդունում։