«Ո՞վ է Հայաստանում և Ղազախստանում հրահրում բողոքի ակցիաները». RIA Novosti-ի անդրադարձը
RIA Novosti-ն անդրադարձել է Հայաստանում և Ղազախստանում ծավալվող իրադարձություններին:
Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետ գրեթե միաժամանակ դրամատիկ իրադարձություններ սկսեցին ծավալվել Հայաստանում և Ղազախստանում: Եվ դժվար թե այդ իրադարձությունները լինեն զուգադիպության արդյունք, եզրակացնում է հոդվածագիր Պավել Իվանովը:
Հոդվածը ներկայացնենք մասնակի կրճատմամբ
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական ձախողված հեղաշրջման փորձը բառացիորեն տաքացրեց առանց այդ էլ «տաք գլուխները», որոնք լի էին հեղափոխության ու իշխանափոխության մտքերով, ինչպես նաև խթանեց նրանց, ովքեր միշտ պատրաստ են սառը հաշվարկով օգտագործել ժամանակակից աշխարհի բարդ իրավիճակի կոնֆլիկտային պոտենցիալը:
Նախկին ԽՍՀՄ-ի տիրույթում առաջանում են անկայունության նորանոր կետեր: Թուրքիայի հեղաշրջման փորձի հետ գրեթե միաժամանակ դրամատիկ իրադարձություներ սկսեցին զարգանալ Հայաստանում և Ղազախստանում: Երկու տեղում էլ արյուն հեղվեց:
Մի դեպքում՝ դա հանցագործի վրեժխնդրությունն էր Ոստիկանությունից, մյուս դեպքում՝ Ղարաբաղյան հակամարտության նախկին մասնակցին՝ արմատական ընդդիմադիրին, ազատ արձակելը:
Այդ 2 դեպքերի ընդհանրությունն այն է, որ զենքն ուղղված է եղել գործող իշխանության ներկայացուցիչների դեմ:
Ղազախստանն իր աշխարհաքաղաքական դիրքով, տարանցման հնարավորություններով և Ռուսաստանի հետ սերտ կապերով շատ կարևորագույն երկիր է նրանց համար, ով ցանկանում է մասնատված տեսել բազմաթիվ հակամարտության օջախներով լի եվրասիական տիրույթը:
Այստեղ հանգամանքների տարօրինակ զուգադրությամբ՝ ԴԱԻՇ-ի և Արևմուտքի, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ի շահերը շատ հարցերում համընկնում են:
Հայաստանում, ի դեպ, սակագների բարձրացման դեմ վերջին բողոքի ցույցերը նույնպես փորձեցին փոխակերպել հակակառավարական շարժման: Այն ժամանակ չստացվեց, սակայն այն ուժերը, որոնք շահագրգիռ են, որ այդ պետությունը կտրվի Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միությունից, նորանոր ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ:
Հայաստանում գործում են հազարավոր հիմնադրամներ, որոնց ֆինանսավորում է Միացյալ Նահանգները, այնտեղ է գործում բնակչության թվի հարաբերակցությամբ՝ աշխարհում ԱՄՆ ամենամեծ դեսպանատունը: Ի դեպ, առաքելության աշխատակիցներին անհապաղ հետ են կանչել արձակուրդից, երբ Երևանում սկսվել են վերջին իրադարձությունները:
Պատահականությո՞ւն է դա արդյոք, թե՞ հրաման էր տրվել՝ սպասել «նարնջագույն սցենարի» իրականացմանը, մանավանդ, որ ընդդիմությունը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի և կուրսի արմատական փոփոխության անհրաժեշտության մասին:
Փորձագետների կարծիքով՝ ևս մեկ պետություն, որին պահում են տեսադաշտում՝ որպես հեղափոխության պոտենցիալ թիրախ, Ադրբեջանն է: Այնպես որ, Ռուսաստանի հարևան երկրների իշխանությունների համար զգոնությունը թուլացնելը բառացիորեն հավասարազոր է մահվան:
Ճակատագիրն այնպես է դասավորվել, որ նրանք ոչ միայն ազգային ղեկավարներ են, այլև մեծ աշխարհաքաղաքականության խաղացողներ: Ու ցանկացած պահի նրանց կամա թե ակամա սխալը վայրկենապես պատրաստ են օգտագործել այն ուժերը, որոնք գտնվում են գլոբալ քաղաքական գործընթացի «մութ կողմում»: