«Քաղաքականության մեջ մնալը չի նշանակում՝ պաշտոն ունենալ». Թևան Պողոսյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

«Չեմ պատկերացնում՝ որևէ կուսակցության ղեկավարի հիմա գնան, հարց տան՝ «վաղը Ձեր կուսակցությունը հաղթելո՞ւ է», ասի՝ «չէ, ես պարտվելու եմ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Ռոյթերզին» տված հարցազրույցի մասին՝ ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Ռոյթերզին» տված հարցազրույցում, Ս. Սարգսյանն ասել է՝ Հանրապետական կուսակցության պարտության դեպքում քաղաքականության մեջ ինքն անելիք այլևս չի ունենա: Ս. Սարգսյանը նաև բացառել է դրա հնարավորությունը։

Ըստ Թ. Պողոսյանի՝ քաղաքականության մեջ մնալը չի նշանակում՝ պաշտոն ունենալ: «Մարդիկ, բնականաբար, հասկանում են՝ նախընտրական շրջան է, որը շատ շուտվանից սկսվել է, հենց ՀՀԿ-ի համար էլ է սկսվել, որքան էլ իրենք ասեն՝ չէ: Իրենց գործը հիմա նվիրված է նրան, որ առնվազն մի քանի լավ բան անեն, որ կարողանան ընտրություններին ներկայանալի լինեն, և, բնականաբար, այս տեսակ մեսիջ է փոխանցվել: Այն, ինչ ինքն ասել է՝ տրամաբանական է, ցանկացած քաղաքական գործիչ կասեր դա»:

Մեր այն հարցին՝ եթե Ս. Սարգսյանը մնա ՀՀԿ ղեկավարի պաշտոնում, ստվերային կառավարման վտանգ չե՞ք տեսնում, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ տեսնում է, բայց դա բնական է.

«Մենք ունենք խմբակցություններ, որոնց ղեկավարները չլինելով այստեղ՝ պառլամենտում, ազդեցություն ունեցել են. Լևոն Տեր-Պետրոսյանը, հասկանալի է, որ ՀԱԿ-ի վրա ազդում է, Րաֆֆին ազդում է «Ժառանգության» վրա, ժամանակին, երբ Ծառուկյանը ղեկավարում էր ԲՀԿ-ն, երբևէ ԱԺ-ում չի հայտնվել, բայց իր ազդեցությունը երևում էր, Արթուր Բաղդասարյանը՝ ՕԵԿ-ի վրա: Հիմա ինչի՞ պետք է ասել՝ մեկին կարելի է, մյուսին՝ չէ»:

Տեսանյութեր

Լրահոս