«Եթե ԵՄ-ն մի 2 միլիոն ավել տա, կարո՞ղ ենք այս օրենքի վերջում գրենք՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ». Նիկոլ Փաշինյան
Այսօրվա ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «4+4+4» ձևաչափով քննարկումների արդյունքում ստորագրած համաձայնության մեջ հստակ գրված է, որ փոփոխությունները կատարվում են հանրության շրջանում ընտրական պրոցեսի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով:
«Հիմա դուք այդ հայտարարությունից բխող մի նախագիծ եք բերել ու ասում եք՝ այս սենց կանենք, նենց կանենք, հանրության վստահությունը կբարձրացնենք, ու վերջում ասում եք՝ եթե դոնոր կազմակերպությունները փողը տան… Եթե դոնոր կազմակերպությունները փողը չտան՝ չենք բարձրացնի հանրության վստահությունը: Ստացվում է ի՞նչ: Իմ մոտ ծագում է շատ պրոզաիկ մի հարց, իսկ եթե ԵՄ-ն մի 2 միլիոն ավել տա, կարո՞ղ ենք այս օրենքի վերջում գրենք՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Դ. Հարությունյանը նշեց, որ այդ վերջին նախադասությունը Ն. Փաշինյանն իր անձնական օրինակի վրա կարող է ավելացնել ու 2 միլիոնն էլ իրեն պահել:
«Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր դեպքում ցանկացած ստուգում ունի սահման, կարելի է ավելի լուրջ ստուգում անցկացնել՝ մարդու ԴՆԹ թեստերը հավաքել, աչքը նկարահանել, ծիածանաթաղանթը համադրել դրա հետ… բայց ամեն ինչը պետք է իր սահմանն ունենա: Գործող օրենսգիրքը բավականաչափ երաշխիքներ ունի, որպեսզի ապահովենք պատշաճ ընտրություններ: Այլ խնդիր է, որ մեր գործընկերներն ասում են՝ մեզ այսքանը բավարար չէ: Եթե ստացվի դա անել, շատ ուրախ կլինենք»,- նշեց Դ. Հարությունյանը:
Ն. Փաշինյանը խոստացավ, որ, եթե ԵՄ-ն 2 միլիոն դոլար հատկացնի, ինքն առաջարկով հանդես կգա, որ լինի հոդված 18, որտեղ գրված կլինի՝ «շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ». «Դուք նկատո՞ւմ եք, թե ինչ եք հայտարարում ԱԺ ամբիոնից, ընդամենը 20 րոպե առաջ հայտարարեցիք՝ «մենք որոշ դեպքերում մեզ հարգող պետություն ենք»: Այո, դուք որոշ դեպքերում հանդես եք գալիս՝ որպես իրեն հարգող պետության ներկայացուցիչ, բայց՝ միայն որոշ դեպքերում»:
Ի պատասխան՝ Դ. Հարությունյանն ասաց, որ, եթե նման լեզվական սայթաքում է արել, ապա հրապարակավ ներողություն է խնդրում բոլորից: