Բաժիններ՝

Հռոմի պապը Հայաստան է բերել համերաշխության ավետիսը և իր հետ կտանի հավատացյալների սերը. հոգևորական

Հռոմի Ֆրացիսկոս պապն իր հետ Հայաստան է բերել սիրո, համերաշխության և համագործակցության ավետիսը, այստեղից կտանի Հայ եկեղեցու սերը, զորությունը, սրբերի բարեխոսությունն ու հավատացյալների սիրո և երջանկության վերաբերմունքը. Ասում է Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: «Այս այցով ևս մեկ անգամ ասվեց, որ նույն առ աքելական հավատքն ու մարտահրավերներն ունենք, պետք է պայքարենք միասնաբար` մոռանալով դավանաբանական շատ հարցեր: Վստահ եմ, որ պապը մեծ տպավորություններով է գնալու մեր սրբավայրից, սա խթան պետք է հանդիսանա, որ հասկանանք, թե ինչ կարևոր դեր ու նշանակություն ունենք այս կյանքում, որպես ժողովուրդ և եկեղեցի»,-ընդգծեց հոգևորականը:

Նրա խոսքով` Հայաստանը ոչ թե պարզապես ընդունում է մի երկրի ու եկեղեցու գահակալի, այլ հայ ժողովրդի լավ բարեկամի: «Ֆրանցիսկոս պապը դեռևս Արգենտինայում իր առաջնորդության տարիներին ջերմ հարաբերություններ է ունեցել և կապված է եղել հայ համայնքի հետ»,-նշեց հայր Զաքարիան: Նա նշեց, որ երկու եկեղեցիների առաջնորդները միասնաբար աղոթք հղեցին առ Աստված, սաղմոսներ ու քարոզներ հնչեցրին` հանուն երկու ժողովուրդների բարօրության, անսասանության և աշխարհի խաղաղության հաստատման համար: «Ուրախ եք, որ տարբեր խավերի մարդիկ եկել էին ստանալու երկու հովվապետերի օրհնությունը:

Մեզ մնում է աղոթել ու հայցել Աստծո օրհնությունը մեր երկու երկրների եկեղեցիների համար»,-ավելացրեց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Նա Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման խորհուրդը համարում է այնպիսին, ինչպիսին կլիներ Սուրբ Թադեոս կամ Սուրբ Բարդուղիմեոս ու Սուրբ Պետրոս առաքյալների միջև: «Շատ հստակ է պատգամը, պապը եկել է ուխտագնացության, այս բառի մեջ մենք պետք է տեսնենք սրբավայր, սա խթան լինի հասկանալու մեր ազգային ինքնության մեջ քրիստոնեության կարևորությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս