Քեմերոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը լքելու մասին
Երեկ կայացած հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ երկրին նոր ղեկավարներ են հարկավոր և խոստացել է 3 ամսից հրաժարական ներկայացնել, հայտնում է BBC-ն:
Նա նաև հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կտրուկ փոփոխություն չեն բերի բրիտանացիների կյանքում:
«Կարծում եմ, որ այս երկրին հարկավոր է նոր կառավարություն: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպես վարչապետ, որպեսզի բալանսավորեմ այդ նավը մոտակա շաբաթներին և ամիսներին, սակայն չեմ կարծում, թե ինձ համար ճիշտ կլինի լինել այդ նավի նավապետը նրա հետագա նշանակետին հասնելու համար»,- հայտարարել է Քեմերոնը:
Նրա խոսքով՝ պետք է անել այնպես, որ երկրի նոր վարչապետը նշանակվի մինչև հոկտեմբեր՝ մինչ պահպանողականների համաժողովի մեկնարկը:
Մեծ Բրիտանիայում երեկ կայացած հանրաքվեի արդյունքով՝ երկրի բնակիչների մեծ մասը քվեարկել է ԵՄ շարքերը լքելու օգտին:
Brexit-ի օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 52%-ը, հայտնում է BBC-ն:
Հանրաքվեի արդյունքներից հետո բորսաներում ֆունտը կտրուկ անկում է ապրել: Այդ նորությունների ֆոնին փլուզվել են նաև ասիական ֆոնդային բորսաները:
Բազմաթիվ փորձագետներ նախազգուշացրել էին, որ Brexit-ը կարող է լուրջ վնաս հասցնել երկրի տնտեսությանը ու այն տանել դեպի ռեցեսիա:
Քեմերոնն ակտիվորեն հանդես էր գալիս Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու օգտին և հայտարարում էր, որ եթե բրիտանացիները քվեարկեն Եվրամիությունից դուրս գալու օգտին, ապա դա կարող է սպառնալ Եվրոպայում խաղաղությանը: