«Կարծում եմ՝ ՀՕՊ-ն ավելի շատ համակարգի համատեղ աշխատանքի խնդիրն է»

Ինչպես սպասվում էր՝ հունիսի 27-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագրի վավերացման հարցը: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, «խոսակցություն» կար, որ դեռևս նախորդ արտահերթում պետք է փաստաթուղթը վավերացվեր, բայց, հավանաբար, որոշ հարցեր պետք է պարզաբանվեին ու ճշտվեին, այդ պատճառով ուշացավ: Նա նաև նշեց, որ նախորդ արտահերթ նիստի օրակարգը գերհագեցած, շատ ծանրաբեռնված էր, որ նույնիսկ խորհրդարանը չկարողացավ ավարտել:

«Չեմ կարծում, որ արտառոց բան է տեղի ունեցել»,- ասաց Ս.Ավետիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՀՕՊ-ի մասին համաձայնագիրն առաջիկա արտահերթ նիստում ներառելը գուցե նաև կապված է այս օրերին Մոսկվայում ՀՀ ՊՆ պատվիրակության ձեռք բերած մի շարք պայմանավորվածություններով. «Միգուցե դետալներ կար, որ անհրաժեշտ էր ճշտել: Ընդհանուր առմամբ, համաձայնագրի հետ կապված՝ պարզաբանումները շատ հստակ տրվել են և, կարծում եմ՝ ԱԺ-ում այդ մասին առավել մանրամասն կներկայացվի»:

Սակայն այդ պայմանավորվածությունները, ըստ Ս.Ավետիսյանի, կապված չեն 200 մլն դոլարի ռուսական վարկով սպառազինությունների ձեռքբերման հետ. «Սպառազինությունների ցանկը վաղուց կար: Կարծում եմ՝ ՀՕՊ-ն ավելի շատ համակարգի համատեղ աշխատանքի խնդիրն է, որպեսզի միավորված աշխատանք լինի, որը մեզ համար շատ օգտակար կլինի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս