Բաժիններ՝

Ապրիլյան դեպքերով պայմանավորված` կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնություններով

Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ հունիսի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը:

Նիստին գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով:
Կառավարության կողմից լրացում է առաջարկվել ««Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում` ապրիլյան իրադարձություններով պայմանավորված:

Վերջին ամիսների ընթացքում, հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված, տնտեսության ոչ բոլոր ճյուղերն են աշխատում ամբողջ ծավալով, ինչի հետևանքով սահմանված հաստատագրված և արտոնագրային վճարները համարժեք չեն ակնկալվող եկամուտների մեծությանը, այնինչ դրանք վճարվում են անկախ հարկ վճարողի կողմից ստացված փաստացի եկամտի մեծությունից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2016 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար նվազեցնել հաստատագրված և արտոնագրային վճարների չափերը` շրջաններում կիրառելով 0.3, իսկ Ստեփանակերտ քաղաքում՝ 0.6 նվազեցվող գործակից:Այս արտոնությունից կօգտվի 1500 հարկատու:

Նույն նպատակն է հետապնդում նաև ««Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի ընթացքում զիջելու (կամ ներելու) դեպքում` այդ գումարների չափով նվազեցնել բանկի (վարկային կազմակերպության) տվյալ տարվա համախառն եկամուտը:

««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի առաջարկը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությամբ:

Գործող օրենսդրության համաձայն` վարկառուի մահվան դեպքում, վերջինիս իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` վարկային պայմանագրից բխող, նույն ծավալով փոխանցվում են նրա ժառանգներին: Նոր նախագծով առաջարկվում է նրանց ազատել վարկային պարտավորություններից, քանի որ ԼՂՀ-ում գործող մի շարք բանկեր պատրաստակամություն են հայտնել ներել զոհված զինծառայողների և կամավորականների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների վարկի գումարները` դրանք չպահանջելով երաշխավորներից կամ ժառանգությունն ընդունած ժառանգներից:

«Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և ««Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթի նորմերը կոչված են լուծելու այն հիմնական խնդրահարույց հարցերը, որոնց կարգավորման անհրաժեշտությունը բխում է ստեղծված տնտեսական վիճակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս