Բաժիններ՝

Հռոմի պապին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու են մանուկները՝ մատուցելով ծիրան և լավաշ

Հունիսի 24-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ, հաշվի առնելով, որ Սրբազան Քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, նաև կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, արարողակարգով նախատեսված ընդունելության կարգից բացի` Պապին կդիմավորի մանկական երգչախումբը, ժամանման պահին կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ հենց մանուկների կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Օդանավակայանում տեղի կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Երկրորդի և Հռոմի պապի կարճատև զրույցը, այնուհետև Սրբազան Քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ, որտեղ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Այնուհետև նախագահական նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի և Պապի առաձնազրույցը, որից հետո հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով Հայաստանի պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, հանրությանը:

Սրբազան Քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ, որը այցի ընթացքում կլինի իր կեցավայրը:

Հունիսի 25-ին Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծիսական փոքր արարողություն, Սրբազան Քահանայապետը և Գարեգին Երկրորդը միասին կաղոթեն, կլինի նաև հանուն Պապի տնկված եղևնու օրհնության արարողություն:

Կարդացեք նաև

«Պապի այցը Ծիծեռնակաբերդ մեզ համար մեծ խորհուրդ և մեծ նշանակություն ունի»,- ասաց Վ. Սարգսյանը՝ հիշեցելով 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը,  Հռոմի պապի հայտարարությունը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ:

Նույն օրը Գյումրիում կկայանան միջոցառումներ, Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում, իսկ երեկոյան՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համեգը՝ նվիրված Սրբազան Քահանայապետի այցին:

Հունիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Սուրբ Տրդատ բաց խորանում կմատուցվի պատարագ, որից հետո Հռոմի պապն ու Գարեգին Երկրորդը կմեկնեն Խոր Վիրապ, կաղոթեն միասին և  աղավնիներ  բաց կթողնեն Արարատ լեռան ուղղությամբ:

Դրանով Հռոմի  պապի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս