«Որքան գիտեմ, պետերբուրգյան բանակցություններում քննարկվել են տեխնիկական խնդիրներ». Բաբայանը հակադարձում է Մամեդովին
«Շրջանների վերադարձի հարցը ադրբեջանական շլյագերն է դարձել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ադիմիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի՝ Սանկտ-Պետերբուրգում կայացած բանակցությունների մասին տված հարցազրույցին:
Հիշեցնենք, որԱդրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը, այսինքն՝ հակամարտությունը անհրաժեշտ է լուծել փուլային եղանակով՝ նախ՝ ազատվում է 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել այդ ուղղությամբ»:
Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանը միշտ նման բովանդակության հայտարարություններով է հանդես եկել: «Դա իրենց շլյագերն է դարձել, ամեն անգամ նույն բանն են ասում, իմաստ էլ չկա դա մեկնաբանել: Ամեն անգամ իրենք երգում են, մենք հերքում ենք, այդպիսի բան է դարձել: Միշտ էլ ասում են, քանի որ դա իրենց երազանքն է, իրենք փորձում են իրենց երազանքն իրականության տեղ մատուցել, բայց, ինչպես գիտենք, երազանքը մեկ բան է, իրականությունը՝ մեկ այլ»,- նկատեց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ որքան ինքը գիտի, բանակցությունների ընթացքում քննարկվել են տեխնիկական խնդիրներ՝ վերահսկողական մեխանիզմների հետ կապված հարցեր: «Իսկ ինչ վերաբերում է նման հայտարարություններին, ապա հանգիստ պետք է վերաբերվել, Ադրբեջանը միշտ էլ այդ մասին է ասում՝ 1994թ. ի վեր, և շարունակելու է ասել: Պարզապես փոխում են հանդիպումների անցկացման վայրի անունները՝ Սանկտ-Պետերբուրգ, վաղը կլինի Ուրուգվայում, այդպես կգրեն, Կազանում՝ այդպես: Նորություն չկա: Իրենց ավանդական հայտարարություններն են, որոնք միշտ հնչեցվել են»,- ասաց Բաբայանը: