Բաժիններ՝

Հնդկաստանում 1600 հղի կանայք յոգայի համաշխարհային ռեկորդ են սահմանել

Հնդկաստանի Ռաջքոթ քաղաքում ավելի քան 1600 հղի կանայք մասնակցել են յոգայի զանգվածային սեանսների՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը սահմանել էին չինուհիները: Այս մասին հայտարարել է Հուջարաթի նահանգի գլխավոր նախարար Անանդիբեն Պատելը:

Արդյունքը պլանավորվում է պաշտոնապես գրանցել Գիննեսի ռեկորդների գրքում: Հուջարաթի նահանգի Ռաջքոթ քաղաքի միջոցառումը նվիրված էր Յոգայի միջազգային օրվան, որը նշվում է հունիսի 21-ին: Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր չինացի կանանց, երբ միանգամից 900 չինուհիներ մասնակցել էին յոգայի սեանսի:

«Գրեթե 12,5 մլն մարդ է մասնակցել Յոգայի միջազգային օրվա երկրորդ տոնակատարությանը, որը Հուջարաթում նշվել է 40 հազար հարթակների վրա: Ռաջքոթում 2 հազար կանայք համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ մասնակցելով յոգայի սեանսի»,-նախարարի խոսքը մեջբերել է PTI գործակալությունը:

Իր հերթին Ռաջքոթի օկրուգի վարչակազմի ղեկավար Վիքրանթ Փանդին հայտարարել է, որ շրջանի իշխանությունները ծրագրում են այնպես անել, որ «ծննդաբերությանը նախորդող շրջանում յոգայի պարապմունքներն անցկացվեն կանոնավոր կերպով», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս