«Երկրաշարժ»-ը մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերի 1-ին
Սպիտակի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ողբերգության մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի նոր պաստառն ազդարարում է ֆիլմի մեծ էկրան բարձրանալու օրը. ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան տեղի կունենա 2016 թ. դեկտեմբերի 1-ին: Իրական իրադարձությունների հիման վրա նկարահանված ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատմում է Սպիտակ, Կիրովական, Գյումրի, Ստեփանավան և ավելի քան 300 բնակեցված վայրերի ավերվելու մասին: Այդ օրը զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել են հաշմանդամ, ավելի քան կես միլիոն մարդիկ կորցրել են իր տները:
Աղետի օրերին է ծավալվում երկու հերոսների՝ 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Սա նրանց առաջին հանդիպումը չէ. տարիներ առաջ Ռոբերտի ծնողները մահացել են ավտովթարում, որի մեղավորը Բերեժնոյն էր: Կոնստանտինը մի քանի տարի է անցկացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտի խնամակալությունն իրենց վրա էին վերցրել բարեկամները:
Դեպքերի բերումով Բերեժնոյը ընտանիքի մոտ է վերադառնում հենց աղետի օրը. նրան սպասում էին կինը, որդին, աղջիկն ու Ռոբերտը, ով այդպես էլ չէր ներել նրան իր ծնողների մահը: Հերոսները հայտնվում են նույն փրկարար ջոկատում, սակայն միանգամից չեն ճանաչում իրար:
Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրենկոն (Կոնստանտին Բերեժնոյ), Վիկտոր Ստեփանյանը (Ռոբերտ Մելքոնյան), Մարիա Միրոնովան (Աննա Բերեժնայա), ինչպես նաև Արտյոմ Բիստրովը, Դանիիլ Իզոտոտվը, Հրանտ Թոխատյանն ու Միխայիլ Պողոսյանը: