ԼՂՀ խորհրդարանում հյուրընկալել են արևելագետ Եվգենի Սատանովսկուն
ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդարանի պատգամավորների հանդիպումը հայտնի արևելագետ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների քաղաքականության բնագավառում առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկու հետ, ով նաև մերձավորարևելյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականություն և տնտեսագիտություն է դասավանդում Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևոր և օգտակար է գնահատել նմանատիպ քննարկումները և այցի կազմակերպման համար երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին:
Ներածական խոսքում Եվգենի Սատանովսկին ներկայացրել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ համեմատականներ անցկացնելով անցած դարաշրջանում տեղի ունեցած գլոբալ և տարածաշրջանային փոխակերպումների միջև:
Այնուհետև պատգամավորները հարցեր են առաջադրել փորձագետին՝ կապված մերձավոր արևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ գերտերությունների ունեցած դիրքորոշումների, միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների, հակամարտությունների կարգավորման գործընթացում կիրառվող սկզբունքների և այլ թեմաների հետ:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Եվգենի Սատանովսկուն՝ Արցախ այցելելու և հետաքրքիր գաղափարներով կիսվելու համար: