«Սա հաղթանակ է, բայց պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել». Լևոն Զուրաբյան

«4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում կայացած համաձայնությունը, իհարկե, կարելի է համարել հաղթանակ ամբողջ մեր հասարակության համար: Իհարկե, կարելի է այս համաձայնությունն ինչ-որ իմաստով պատմական համարել, որովհետև նման բան չի եղել ոչ միայն Հայաստանի նորանկախ պատմության մեջ, այլև ետխորհրդային տարածքում, բայց պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ սա հաղթանակ է միայն թղթի վրա և սրանով միայն սկսվում է իրենց պայքարը. «Իշխանությունները միշտ կարող են ինչ-որ ճանապարհ գտնել՝ կամ վիժեցնելու այս պայմանավորվածությունները, կամ դրանք չիրականացնելու, կամ այլ անցքեր, հնարքներ գործադրելու, որով կշարունակվի ընտրակեղծարարության իրենց փորձն ու գործունեությունը»։

Լ. Զուրաբյանի խոսքով՝ այս համաձայնության իրականացման համար մեծ գումարներ են անհրաժեշտ. «Մոտ 15-16 մլն եվրոյի մասին է խոսքը: Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր դեռ գտնված չէ 5-6 մլն եվրոյի ֆինանսավորումն այս ծրագրի համար, ու այստեղ է, որ ծագում է առաջին հարցը՝ կապված իշխանության անկեղծության հետ: Այդ տեքստում գրված է, որ համաձայնությունն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ երաշխավորված է ֆինանսավորումը: Այս պահին մեր ֆինանսավորումը երաշխավորված չէ, ինչը նշանակում է, որ համաձայնությունը թեև ստորագրված է, բայց այն ուժի մեջ դեռ չի մտել: Անկեղծության առաջին թեստը լինելու են իշխանությունների ակտիվ գործողությունները: Եթե միջազգային հանրությունը գտնի, որ ՀՀ իշխանություններն անկեղծ չեն, միանշանակ է, որ ֆինանսավորում չի լինի»:

Նա հավելեց, որ Հայաստանում 2 կարևոր բան կա, ինչի համար կարելի է անել պետական ծախս՝ պաշտպանական ծախսեր և ազատ ու արդար ընտրությունների անցկացման հետ կապված ծախսեր. «Հայաստանում եթե տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, այնքան շատ հարց կլուծվի: Եթե միջազգային հանրության կողմից համապատասխան ֆինանսավորում չլինի, իշխանությունն ինքը կարող է ֆինանսավորել ծրագիրը, հինգ-վեց միլիոն եվրոն ՀՀ պետական բյուջեի համար այնքան էլ մեծ գումար չէ, եթե դրանից է կախված ազատ և թափանցիկ խորհրդարան ստանալը: Պակաս միլիոնները լրացնելու համար, եթե չլինի միջազգային հանրության աջակցությունը, իշխանությունը պետք է վերանայի բյուջեն և հատկացումներ կատարի այնտեղից: ՀՀ իշխանությունը բոլորին պետք է ապացուցի, որ իր գերագույն նպատակն արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս