«Իրանի հետ վիզային ռեժիմի հանելը կխթանի զբոսաշրջության ծավալի ավելացմանը». Շավարշ Քոչարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի հունիսի 5-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու հարցը:

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ այդ հուշագրով առաջարկվում է, որ առանց որևէ վիզայի ձևակերպման՝ ՀՀ քաղաքացիները կարողանան այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակը. «180 օրվա ընթացքում քաղաքացին կարող է գտնվել տվյալ երկրում: Ներկա փուլում վիզանեը կան, բայց բավականին հեշտացված կարգի, վիզները ստանում են հենց սահմանին, բայց հիմա հանվում է այս գործընթացը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծիք հայտնեց, որ լավ կլիներ՝ մենք գրեթե բոլոր երկրների հետ ազատ վիզային հարաբերություններ ունենայինք. «Բայց այս հարցը որևէ գին ունի՞, այս հարցի գինը որքա՞ն է՝ և՛ նրանց, և՛ մեր կողմից ի՞նչ վնասներ ենք կրում»:

Շ. Քոչարյանն ասաց, որ պատահական չէ, որ Ֆինանսների նախարարությունը նշել է, որ բյուջեի վրա դա չի ծանրանա. «Մի վիզայի համար Իրանի քաղաքացիները վճարում են յոթ դոլար, մյուս կողմից՝ այն հաշվարկները, որ կան, ցույց են տալիս, որ զբոսաշրջության ծավալի ավելացման շնորհիվ մենք կշահենք, ոչ թե կտուժենք»:

Տեսանյութեր

Լրահոս