Հայաստանը և Իրանը հանում են վիզային ռեժիմը

ԱԺ-ում քննարկվում է Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված՝ «Քաղաքացիների առանց մուտքի արտոնագրերի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու հարցը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե հուշագրով նախատեսվում է, որ այսու հետ կգործի այն ռեժիմը, որ առանց որևէ վիզայի ձևակերպման Հայաստանի քաղաքացիները կարողանան այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակը:

«Ընդ որում, նախատեսվում է, որ այցելությունների ժամանակ քաղաքացին առավելագույնը մինչև 90 օր կարող է գտնվել տվյալ երկրում: Դա կարող է լինել անընդհատ 90 օր, կարող է լինել ընդհատումներով»,- ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ այժմ գործում է վիզային ռեժիմ, սակայն վիզա տրամադրվում է բավականին պարզեցված ռեժիմով՝ անմիջապես սահմանին: Սակայն փոխըմբռնման հուշագրով վիզաների պահանջը հանվում է: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 8-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղեկացրել է, որ իրենք ավարտել են ներպետական բոլոր գործընթացները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցին, թե տարեկան ՀՀ քանի՞ քաղաքացի է հատում Իրանի սահմանը և Իրանի քանի՞ քաղաքացի է գալիս Հայաստան, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Մենք ունենք այդ տվյալները: Իրանից ավելի շատ են Հայաստանի գալիս: Եղել են լավ ժամանակներ: Մինչև Իրանի նկատմամբ պատժամիջոցների սրվելը Իրանից Հայաստան է ժամանել 120 հազար մարդ: Հետո այդ թիվը նվազեց՝ պայմանավորված առաջին հերթին այն հանգամանքով, որ ձեռքներին գումար չկար: Հիմա՝ պատժամիջոցները հանելուց հետո, այդ թիվը կարող է ավելանալ: Բացի այդ, երկու կողմերն էլ ակնկալում են, որ այս հու շագրի վավերացումից հետո կակտիվանան փոխադարձ զբոսաշրջային այցերը»:

Տեսանյութեր

Լրահոս