Ինչո՞ւ ՀՀԿ-ն զիջեց ընդդիմությանը

«Իշխանության և ընդդիմության միջև Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած 5 հարցերից 4-ի վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Խնդիրն այն է, որ մենք մինչև նաև այս գործընթացը նշել ենք, որ պատրաստ ենք այդ քննարկումներին և առողջ առաջարկներին: Եթե մենք ունենք տարբեր մոտեցումներ, կարծիքներ, քննարկումների ընթացքում երկուսս էլ պետք փոքր-ինչ կարողանանք մեր տեսակետները մոտեցնել դիմացինի տեսակետին և ունենանք ընդհանրություն: Այս առումով մենք կարծես թե ունեցանք հաջողություն, և հինգ հարցադրումներից չորսի պատասխանը տրվել է, համաձայնություն տվել են, միակ հարցն այդ ռեյտինգային համակարգն է, որի հետ կապված՝ մենք չունենք ընդհանրություն: Մենք պնդում ենք մեր կարծիքը, իրենք էլ՝ իրենց կարծիքը, կարծում եմ՝ ընդհանուր գործընթացը դրական է»,- նշեց Հովհաննես Սահակյանը:

Նա կարծում է՝ այս ընթացքում բավականին լուրջ ճանապարհ են անցել, և, ըստ նրա, շատ մեծ վստահություն կարող է ներշնչել, եթե ամբողջ քաղաքական ներկապնակը և քաղհասարակությունը համախմբվի այս առաջարկների շուրջ, և լինի ընդհանուր մի հայտարարություն, որը կվերաբերի այդ վստահությանը:

Մեր հարցին՝ եթե հնարավոր էր այդ չորս հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերել ընդդիմության հետ, ինչո՞ւ չարվեց մինչև Ընտրական օրենսգրքի ընդունումը, Հ. Սահակյանը պատասխանեց, որ բազմաթիվ խնդիրներ կային. «Դա միանշանակ չէ, ինչու այն ժամանակ արվեց, հիմա չարվեց, բազմաթիվ հարցեր և խնդիրներ քննարկվել են, ամենակարևորը, որ դոնոր կազմակերպություններն իրենց համաձայնությունն են տվել, որ, եթե ունենանք ընդհանուր մոտեցում՝ այդ խնդիրները լուծելու հետ կապված, կֆինանսավորեն, եթե հիշում եք, մենք նշել ենք, որ բազմաթիվ հարցերի շուրջ մենք համամիտ ենք, բայց այդ ֆինանսավորումը և տեխնիկական ապահովվածությունը պետք է երաշխավորի միջազգային հանրությունը: Այդ դոնոր կազմակերությունները մենք կարծես թե գտել ենք, նաև սա էր, որ դրական ազդեցություն ունեցավ այս հարցի լուծման առումով»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Ձեր պատկերացմամբ՝ ընդդիմությունը պատրաստ կլինի՞ այդ մի առաջարկը զիջել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ այստեղ զիջելու խնդիրը չկա. «Մենք չենք էլ նշել, որ պետք է բոլորս դուրս գանք փողոց և ասենք, որ ամեն ինչ նորմալ է: Ես անձամբ, լինելով իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ և հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ, ընդդիմության ներկայացրած այս առաջարկների հետ ինքս բազմաթիվ խնդիրներ ունեմ, ու կարծես թե իմ մեջ նաև չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ մեխանիզմներով ենք դա իրականացնելու, բայց հանուն ընդհանուրի շահի՝ փորձել եմ այդ խնդրի լուծումը գտնել այդ ճանապարհով: Այնպես չէ, որ բոլորս նույն կարծիքին ենք, ունենք ընդհանուր մոտեցում չորս հարցերի շուրջ, այդ մի հարցի շուրջ չունենք, ինչի հետ կապված նույնիսկ այդ հայտարարության տեքստի մեջ նշել ենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս