Բաժիններ՝

«Էդ հարկատուին ինչի՞ եք սպանում, ինչի՞ եք պարտադրում, ինչի՞ եք մորթում, չեք հարգում»

Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգիրքը։ Կողմ քվեարկեցին՝ 68, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 18 պատգամավորներ։ Անգամ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց նախագծին։ Դրա ընդունումից գրեթե անմիջապես հետո ԱԺ-ում փակ քննարկումներ սկսվեցին՝ պատգամավորների, կառավարության և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բավականին մանրամասն՝ ըստ առանձին հարկատեսակների ու վարչարարության, քննարկումները կշարունակվեն մինչև հուլիսի 12-ը։ Իսկ թե ի՞նչ տեսք կունենա Հարկային օրենսգիրքն այս քննարկումներից հետո, պատգամավորները դեռևս չեն շտապում կանխատեսել։

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ այս օրերին սկզբունքային մտահոգություններ են ներկայացվել, և, եթե նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվում է, ապա լուրջ փոփոխություններ չեն կարող լինել։ «Այնպես չէ՝ առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո աշխատենք։ Մենք 90 միլիարդ դրամով ավելացնում ենք հարկային բեռը հարկ վճարողների վրա»,- ասաց նա։

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունելը «168 Ժամի» հետ զրույցում կարևորեց աշխատանքային փաստաթուղթ ունենալու տեսանկյունից, հակառակ դեպքում պատգամավորները քննարկելու նյութ չէին ունենա։ Նա չհամաձայնեց բիզնեսի ներկայացուցիչների կարծիքին, որ այս տեսքով ընդունված ՀՕ-ն քաղաքական էլիտայի համար հավասարազոր է ինքնասպանության.

«Չգիտեմ՝ բիզնես շրջանակներում ինչպես է ընդունված, բայց Հարկային օրենսգրքի վերջնական տեսքը ոչ մեկին էլ պարզ չի, այն կունենանք սեպտեմբերին։ Այս նախնական տարբերակն իր մեջ բազում հարցադրումներ ունի բոլորի կողմից, այդ թվում՝ հանրապետականների»։

Կարդացեք նաև

Նա չբացառեց արմատական փոփոխությունների իրականացումը, չնայած, որ հանրային հատվածի հետ բավականին երկար քննարկումներ եղել են և ապարդյուն են ավարտվել՝ դժգոհությունը մեծ է. «Ես չգիտեմ՝ ինչքան են քննարկել, ինչքան չեն քննարկել, բայց մենք կառավարության հետ ունենք պայմանավորվածություն, որ այն հարցադրումներում, որ հիմնավորված սկզբունքային մենք կներկայացնենք, կառավարությունն ընդառաջ է գնալու այս քննարկումներին»։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ ՀՕ-ն միանշանակ պետք է փոփոխվի, և ԲՀԿ-ն 100-ից ավելի առաջարկներ է ներկայացրել. «Գործող օրենքը չի բավարարում առկա մարտահրավերներին, Հարկայինն այսօր դարձել է մոնստր կառույց, որի անունը տնտեսվարողների մոտ առաջացնում է ահ ու սարսափ։ Մարդիկ ունեն պատճառներ՝ հարկային անունը լսելուց շոկի ու սթրեսի մեջ ընկնելու։ Այս ոլորտը լրջագույն բարեփոխումների կարիք ունի»։

Ըստ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ նախագիծը ներկայացվել է օրենքի խախտմամբ՝ ազդեցության գնահատականները, եզրակացությունները չկան նախագծում։ Մեզ հետ զրույցում նա հաստատեց, որ աշնանը փորձելու են քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ակցիաներ կազմակերպել, մեծ շարժում սկսել՝ այս Հարկային օրենսգիրքը տապալելու համար։ Ըստ նրա՝ իրենց պահանջին կմիանա ոչ միայն՝ քաղաքացիական հասարակությունը, այլև՝ ամբողջ ընդդիմությունը։ Փողոց դուրս գալու հարցն Է.Մարուքյանը գործարար շրջանակների հետ չի քննարկել։

Նրա կարծիքով՝ եթե գործատուներն էլ դուրս գան փողոց, ապա նրանց դեմ հենց Հարկայինի կողմից պատժիչ միջոցների կիրառումը չի կարելի բացառել։

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով նախորդ օրն ԱԺ նիստում խիստ քննադատության էր ենթարկել օրենսգիրքը, իսկ երեկ կողմ քվեարկել նախագծին, իր որոշումը պայմանավորեց խմբակցության քաղաքական որոշմամբ. «Օրենսգրքի փիլիսոփայությանը կողմ եմ, բավական դրույթներ կան, որ ճիշտ են, բայց բավական կետեր էլ կան, որ սխալ են»։ Նա վստահություն հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում բովանդակային բոլոր փոփոխությունները կարելի է կատարել, օրինակ՝ մի կարևոր հարց արդեն կարողացել են ճշտել՝ հարկատուի և ստուգող մարմինների անհամաձայնությունների դեպքում առաջնայնությունները։ Հակոբյանի կարծիքով՝ դա շատ կոնցեպտուալ խնդիր է, եթե օրենսգրքում տարբեր հոդվածներում կան հակասություններ, գործատուն չպետք է դրա համար պատասխան տա։ «Կառավարության մոտեցումները ճիշտ են, բայց օրենսգրքին չեն համապատասխանում»,- հայտարարեց Հ.Հակոբյանը։

«Էդ հարկատուին ինչի՞ եք սպանում, ինչի՞ եք պարտադրում, ինչի՞ եք մորթում, չեք հարգում։ Ինչի՞, մինչև հիմա ավելի լավն էր, քան հիմա՞։ Մինչև հիմա ավելի վատ էր, քան թե սա է եկել, այսինքն՝ չարիքներից ո՞րն են ընտրում՝ փոքրագո՞ւյնը, թե՞ առավելագույնը»,- անկեղծացավ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ խնդիր է դրված պետական բյուջեի մուտքերն ավելացնելու համար, որին բոլորը կողմ են, բայց թե որ տարբերակով պետք է քննարկվի, հեշտ խնդիր չէ։ Հակոբյանը կրկնեց իր տեսակետը՝ ՀՕ-ն աղքատությունը չի նվազեցնում ու որոշ կատեգորիայի աշխատողների համար դառնում է ռիսկային։ Պատգամավորը նշեց, որ կողմ է ակցիզային հարկի բարձրացմանը, մասնավորապես՝ խմիչքի ու ծխախոտի վրա ակցիզը պետք է բարձրանա։

Նա նաև կողմ է բենզինի թանկացմանը։ Իսկ դիտարկմանը, որ գազի թանկացման դեպքում նաև հասարակական տրանսպորտը կթանկանա, Հակոբյանը փորձեց խուսանավել.

«Բայց ես գազի անուն տվեցի՞։ Մենք դա չենք քննարկում, ավելի ուշ՝ ամսի 20-ին ենք քննարկելու»։ «Նոր տարուն պարտադիր ա՞, որ էշի պես խմեն, հարբեն, ընկնեն սեղանի վրա։ Ավանդույթները պետք է մնան իրենց տեղում ու պետք է զարգանան։ Բայց Նոր տարին պարտադիր չի 10 օր ուտել-խմել, ուտել-խմել, թափել, թափել, թափել»,- հավելեց Հ.Հակոբյանը։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, մեկնաբանելով ՀՕ քվեարկության ժամանակ ՀՅԴ-ի ձեռնպահ մնալը՝ հայտարարեց, որ իրենց կողմից նախապատրաստվում է առաջարկությունների փաթեթ, որն առաջիկա 1-2 ամսվա ընթացքում պատրաստ կլինի։
«Հարկային օրենսգիրքը 700 էջանոց կարևոր փաստաթուղթ է, որտեղ կան և մի շարք խնդիրներ, որոնք ուղղակի կարող են ազդել տնտեսվարողների վրա, որոնք ունեն առաջնային նպատակ՝ ֆիսկալ խնդիրներ լուծելու, և կան էական խնդիրներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին տրվող նոր լիազորություններին, որոնք ևս կարող են կամայականորեն օգտագործվել՝ ոչ ի շահ տնտեսվարողների, շատ է խոսվում եկամտահարկի և այլ հարցերի մասին»,- ասաց նա՝ մատնանշելով մեկ այլ խնդիր՝ ակնհայտ է, որ այստեղ դերակատարություն ունեն նաև միջազգային ֆինանսական կառույցները, այլապես օրենսգիրքը, որը պետք է ուժի մեջ մտնի 2018թ. հունվարի 1-ից, այսպես արտահերթ ռեժիմով չէր գա, և չէր նախատեսվի արդեն աշնանն ունենալ ընդունված օրենսգիրք։

Նա նշեց, որ խնդիր ունենք՝ առաջիկա տարիներին մեր արտաքին պարտքի սպասարկման հետ կապված, և այս հարցն ինչ-որ առումով առնչվում է դրան։ Վարդանյանի խոսքով՝ ամեն քառօրյայի նոր վարկային համաձայնագիր է վավերացվում, որը մեծացնում է արտաքին պարտքը, և, եթե տրվենք ֆինանսական կառույցների ուղղակի ճնշմանը, այդ ճնշումները վաղը կարող են ավելի խիստ լինել։

Մինչ խորհրդարանականները լուրջ դեմքերով քննարկում են հարկային նոր փոփոխությունները՝ փորձելով զատել դրականն ու բացասականը, սոցիալական ցանցերում գործարար աշխարհի ներկայացուցիչներն արդեն հիասթափված կատակում են՝ քանի որ Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ հազիվ կարդացած լինեն Հարկային օրենսգիրքը, քննարկումների ընթացքը նմանվում է «հավատում եմ-չեմ հավատում» խաղին։ Նրանք նաև օպտիմալացման առաջարկներ են անում՝ մարդկանց նյարդերը որոշ չափով խնայելու համար՝ կառավարությունը հետայսու Ազգային ժողով կարող է ներկայացնել ոչ թե՝ օրենքների նախագծերը, այլ՝ միայն վերնագրերը, որոնք կընդունվեն առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցման ժամանակ նոր միայն՝ բովանդակությունը։

«168 ԺԱՄ» թերթ
16.06.2016

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս