«Պուտինը Սարգսյանի և Ալիևի մոտ փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքն է ղարաբաղյան հակամարտության իրական խաղացողը». Բրայզա
«Հիանալի կլիներ, եթե Պուտինին հաջողվեր կառուցողական երկխոսություն ձևավորել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան` անդրադառնալով Սարգսյան-Ալիև հունիսյան առաջիկա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե ռուսական կողմը ջանքեր է գործադրում եռակողմ` Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպում կազմակերպելու նպատակով:
Այն, ամենայն հավանականությամբ, կկայանա Սանկտ Պետերբուրգում: Երեկ տարբեր աղբյուրներից տեղեկություններ էին ստացվում անգամ հանդիպման ժամկետների մասին: Ըստ դրանց՝ այն կարող է կայանալ կամ հունիսի 20-ին, կամ հունիսի 29-ին:
Մեթյու Բրայզան ասաց, որ նմանատիպ հանդիպումը կլինի Վիեննայի հանդիպման շարունակությունը: Ըստ նրա` առաջիկա հանդիպումը նախագահներին հնարավորություն կտա վերսկսել քաղաքակիրթ երկխոսություն` ստեղծելով հիմք հետագայում շրջանակային համաձայնագրի համար, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա:
«Լավ է, որ նրանք հանդիպելու են: Կարծում եմ, որ սա նաև ազդանշան է այն մասին, որ նախագահ Պուտինը փորձում է լցնել այն դիվանագիտական բացը, որը թողել էր Օբամայի աշխատակազմը՝ իր հարաբերական լռությամբ ապրիլյան բռնության ընթացքում և դրանից հետո: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Պուտինը հետաքրքրված չէ կարգավորմամբ, բայց ամենաքիչը նա կարող է ձևավորել կառուցողական երկխոսություն Սարգսյանի և Ալիևի միջև, դա ողջունելի կլինի: Բայց չի լինի կարգավորում, եթե լինի Ռուսաստանը միայնակ, ինչպես Պուտինն է ցանկանում, նա ցանկանում է սեփական ուժերով ղեկավարել գործընթացը, բայց կարծում եմ՝ ոչ մի կողմ չի վստահի նման տեսակի բանակցություններին, նրանք կցանկանան հավասարակշռություն Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից»,- ասաց Մեթյու Բրայզան:
Դիվանագետը գտնում է, որ, եթե այդ եռակողմ կոչվող հանդիպմամբ, ինչպես Մեդվեդևն էր ցանկանում բեկում մտցնել գործընթացում, Պուտինը հանձն է առել բեկում մտցնել` օգնելով վերջնականացնել հիմնարար սկզբունքները, ապա հիանալի կլինի: «Բայց ես չեմ հավատում, որ նա դա է ցանկանում: Ես կարծում եմ, որ նա ցանկանում է տպավորություն ստեղծել նախագահներ Սարգսյանի և Ալիևի մոտ, որ միայն ինքը` նախագահ Պուտինն է իրական խաղացողը»,- նման տեսակետ հայտնեց Մեթյու Բրայզան: