Ինչո՞ւ է Ռուսաստանի ԱԳՆ-ն հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու մասին իր իսկ հայտարարությունից
ՌԴ ԱԳ նախարարությունը խմբագրել է երեկ տարածած հաղորդագրությունն այն մասին, որ ռուսական կողմը Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպում է նախապատրաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում:
Ըստ սկզբնական հաղորդագրության, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եռակողմ հանդիպման հարցը քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հետ։ «Հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ գագաթաժողովի կազմակերպման հարցերը»,- տեղեկացրել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ չհստակեցնելով գագաթաժողովի օրն ու ժամը։
Ժամեր անց ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված այս հաղորդագրությունը ենթարկվել է լուրջ բովանդակային վերանայումների և ամրագրվել, որ Կարասինն ընդունել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմին նրա իսկ խնդրանքով, դեսպանին ուղեկցել է «Արևելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիոն, ով նախորդ հաղորդագրության մեջ ներկայացվել էր՝ որպես Մինսկի խմբի համանախագահ: Խմբագրված հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինական ճգնաժամը կարգավորելուն ուղղված միջազգային ջանքերը, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրները: Այսինքն` հաղորդագրությունից հանվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում եռակողմ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու մասին հատվածը:
168.am-ը հարցի առնչությամբ պարզաբանումներ ստացավ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից: Զախարովան ասաց, որ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակվել էր սխալ ձևակերպմամբ հաղորդագրություն, որն իրենք հստակեցրել են: Ըստ նրա` խոսքը նման հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին է եղել: «Նման հնարավորության մասին մենք արդեն խոսել ենք մեր բոլոր անդրադարձներում, իսկ եթե որևէ բարձրաստիճան հանդիպում համաձայնեցվի, ապա այդ մասին կհրապարակվի ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից: Այսինքն` տեղի է ունեցել նյութի ոչ կոռեկտ մատուցում»,- ասաց նա: Մեր ճշտող հարցին, թե, փաստորեն, ռուսական կողմը եռակողմ հանդիպո՞ւմ է կազմակերպում, պատասխանեց. «Մենք չենք պատրաստում, մենք պարզապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կոնտեքստում քննարկում ենք տարբեր հնարավորություններ, ուստի խոսել պատրաստման-չպատրաստման մասին՝ կոռեկտ չէ, եթե ինչ-որ բան պատրաստ լինի, ապա այդ մասին իր խոսքը կասի ՌԴ նախագահի աշխատակազմը»: