
ԼՂ կարգավորման հարցով գագաթաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ գագաթաժողովը նախապատրաստվում է Սանկտ Պետերբուրգում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին:
Հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի արտգործնախարարության կայքում, ասվում է, որ այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, «Արևելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիոյին:
«Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված ուկրաինական ճգնաժամի հաղթահարման միջազգային ջանքերի հետ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով Սանկտ Պետերբուրգում կայանալիք եռակողմ գագաթաժողովի նախապատրաստման հարցերը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ չնշելով, թե երբ է տեղի ունենալու հանդիպումը:
Հանդիպմանը քննարկվել է նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրավիճակը: