«Մենք դեմ էինք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում քննարկել ԼՂՀ հակամարտության հարցը, Ադրբեջանը կողմ էր». Կորյուն Նահապետյան

ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներն անցել են բուռն մթնոլորտում և լարված իրավիճակում, հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել բոլոր քննարկումներին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նա պատմեց, որ մինչ Վեհաժողովի սկսվելը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին եղել է առաջարկ՝ նիստում անդրադառնալ նաև ԼՂ հակամարտությանը, սակայն իրենք հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում քննարկել այդ հարցը Վեհաժողովում, քանի որ կա ԼՂՀ կարգավորման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը, և ՆԱՏՕ-ում այն հատուկ քննարկման առարկա դարձնելը չի բխում հակամարտության կարգավորման ձևաչափից:

Կ. Նահապետյանը նշեց, որ ադրբեջանական կողմը, ի տարբերություն իրենց, ընդունել է հարցը ՆԱՏՕ-ում քննարկելու հնարավորությունը: Նրա խոսքով՝ նիստը նախագահողը հայկական և ադրբեջանական պատվիրակություններին 5 րոպե ժամանակ է տվել հայտարարություններ անելու համար.

«Այդուհանդերձ, հայտարարություններ արեցինք՝ հնչեցնելով ձեզ հայտնի մեղադրանքները, Ադրբեջանի կողմից ապրիլյան պատերազմը սանձազերծելու, ագրեսիայի և այլ հանգամանքների հետ կապված: Բացի ապրիլյան պատերազմից, մենք հիշատակել ենք նաև Ռամիլ Սաֆարովի դեպքը»:

Կարդացեք նաև

Քննարկումների վերջին օրն Ադրբեջանի պատվիրակությունը ևս մեկ անգամ բարձրացրել է այն հարցը, որ հայկական կողմն օկուպացրել է որոշակի տարածքներ: Կ. Նահապետյանը պատմեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հղում է արել տարածքային ամբողջականությանը, սահմանների անփոփոխելիությանը, միաժամանակ անդրադարձ է կատարել հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կարգավորելուն.

«Ես ձայնի իրավունք խնդրեցի, Ալեքսանդր Վերշբոուին հիշեցրեցի այս տարվա ապրիլի 5-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողմից արված հայտարարությունը, որտեղ հստակ նշվում էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, և այդտեղ որևէ լրացուցիչ՝ տարածքային ամբողջականության կամ այլ գործոնների մասին հիշատակում արված չէր»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս