«Եթե հիմնական թիրախ Արցախը չի մտնում ՀԱՊԿ-ի հովանոցի ներքո, ապա ի՞նչ ենք ստանում մենք». Անուշ Սեդրակյանը՝ Արտակ Դավթյանին
«Ալիևի այցը հաջորդեց Բունդեստագի բանաձևին, ու կարծում եմ՝ այս առումով Ադրբեջանի ղեկավարի համար ժամանակահատվածը բավականին բարդ էր»,- այս մասին այսօրվա ասուլիսին նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը` հավելելով, որ մենք մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք ներքին խնդիրների, առաջնահերթ կերպով՝ տնտեսության զարգացման վրա. «Ղարաբաղյան հակամարտության հիմնական ուղենիշներն արծարծված են եռանախագահող երկրների նախարարների տարածած հայտարարության մեջ, և առաջիկայում հենց այդ հայտարարության ոգուն համահունչ զարգացումների պետք է սպասել»:
Մյուս բանախոսը՝ «Ազատ դեմոկրատներ» փոխնախագահ կուսակցության Անուշ Սեդրակյանը նկատեց՝ հիմա շատ բարենպաստ պահ է, որ մենք կարողանանք օգտվել մեզ ընձեռված աշխարհաքաղաքական հնարավորություններից.
«Սկսվել է Եվրոպա-Ռուսաստան-Թուրքիա գլոբալ եռանկյունու բախումը, որից մենք կարող ենք քաղել առավելագույն օգուտներ, եթե որևէ մեկի կողմը չբռնենք: Ինչ վերաբերում է Գերմանիայի Բունդեստագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը, եկեք, ամեն դեպքում, այն չվերագրենք հայկական լոբբիի ազդեցությանը, որովհետև դրանով մենք նմանվում ենք Էրդողանին ու նրա հայտարարություններին: Նման բանաձև ընդունելով՝ Գերմանիան միանգամից երեք նապաստակ սպանեց՝ վերջնականապես կասեցնում է Թուրքիայի մուտքը ԵՄ, ցույց տվեց, որ Գերմանիան այլևս կարիք չունի ավելորդ աշխատուժի, և երրորդ՝ հնարավորություն տվեց Թուրքիային դուրս մղել տարածաշրջանային հեգեմոն դիրքերից»:
Անդրադառնալով ՀՀ օդային տարածքը Ռուսաստանի տիրապետությանը հանձնելու հեռանկարին՝ Անուշ Սեդրակյանն ընդգծեց, որ երկինքը որևէ մեկին հանձնել չի կարելի.
«Դա այն տարածքն է, որտեղից ՀԱՊԿ-ն կարող է ռմբակոծել հարևան երկրների սահմանները՝ սրանով իսկ Հայաստանին ներքաշելով նորանոր խնդիրների մեջ: Եվ հետո, եթե հիմնական թիրախ Արցախը չի մտնում ՀԱՊԿ-ի հովանոցի ներքո, ապա ի՞նչ ենք ստանում մենք, եթե օդային տարածքների տիրապետությունը հանձնում ենք այդ կառույցին»:
Արտակ Դավթյանը հակադարձեց՝ մենք մեր օդը ոչ ոքի չենք տալիս. «Այլապես նույն անալոգիայով կարելի է պնդել, որ ամբողջ Եվրոպան իր երկինքը զիջել է ԱՄՆ-ին: Համոզված եմ՝ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, և տրամաբանական է, որ մեր օդային «անձրևանոցը» պետք է կառուցեինք ՀԱՊԿ-ի հետ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: