Բաժիններ՝

Սիդնեյում բացվել է 63-րդ Միջազգային կինոփառատոնը

Սիդնեյում այսօր ռեժիսոր Իվան Սենի «Գոլդսթոուն» ավստրալական ֆիլմի համաշխարհային պրեմիերայով աշխատանքն է սկսել 63-րդ Միջազգային կինոփառատոնը: Ավստրալիայի խոշորագույն քաղաքում 12 օրվա ընթացքում կցուցադրվեն աշխարհի 60 երկրների 240-ից ավելի ֆիլմեր:

Ավանդաբար այս կինոֆորումի ծրագիրը ներառում է ոչ միայն գեղարվեստական, այլեւ վավերագրական, անիմացիոն, կարճամետրաժ ֆիլմեր: Փառատոնի շրջանակներում, որը կանցկացվի քաղաքի տասը կինոթատրոններում եւ կտեւի մինչեւ հունիսի 19-ը, կկայանան 25 համաշխարհային պրեմիերաներ, 139 ֆիլմեր առաջին անգամ կցուցադրվեն Ավստրալիայում:

Ընթացիկ տարում լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը ներառում է 10 պետությունների 12 աշխատանք: Ժյուրիի կազմում են հյուրընկալող երկրի, ինչպես նաեւ Իտալիայի եւ Ճապոնիայի կինեմատոգրաֆիստներ, դրա աշխատանքը գլխավորում է բրիտանացի պրոդյուսեր Սայմոն Ֆիլդը:

Առաջին կինոփառատոնը Սիդնեյում տեղի է ունեցել 1954 թվականին, 1958 թվականին այն դարձել է միջազգային, իսկ 2008 թվականից դրա շրջանակներում սկսել է անցկացվել 60 հազար ավստրալական դոլարի (ընթացիկ փոխարժեքով շուրջ 44 հազար դոլար) առաջին մրցանակով մրցութային ծրագիրը:

Վերջին տարիներին Սիդնեյի կինոփառատոնի ժողովրդականությունը կտրուկ աճել է. անցյալ տարի վաճառվել է 176 հազար տոմս կամ 59 տոկոսով ավելի, քան հինգ տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս