«Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, դրանից հետո հանցագործություն է կատարել, հետո տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է՝ գործ է ուզում». Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Ըստ նրա` տեղի ունեցածը պարզապես խուլիգանություն է: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց Գ. Սահակյանը:
Խոսելով Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերադարձի մասին՝ Գ. Սահակյանն ասաց, որ ինքը չգիտի՝ արդյոք Ս. Բաբայանը դիմե՞լ է ԼՂՀ իշխանություններին հանդիպելու համար, որ նրանք էլ նրան ընդունած չլինեին:
«Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, չուներ ռազմական որևէ կրթություն, դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի, հետո տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է՝ գործ է ուզում, ի՞նչ, պիտի գործ ճարեն տա՞ն»,- նշեց Գ. Սահակյանը, ով անձամբ չի հանդիպել Ս. Բաբայանին ու հաստատ չգիտի՝ ինքը գո՞րծ է ուզում, թե՞ ոչ, ուղղակի թերթերում է կարդացել ու այդ տպավորությունն է ստացել:
«Եթե Սամվել Բաբայանը ցանկանում է օգնել ժողովրդին, թող այդպես էլ վարվի»,- նշեց Գ. Սահակյանը: Նա կարծում է՝ այն խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանը փակել է Սամվել Բաբայանի պարտքերը՝ «կողքի խոսակցություններ են և դժվար թե իրականությանը համապատասխանեն»: