«Եթե Մարգարիտան կամ Էդուարդը թիրախ են ընտրել ՀՀԿ-ին, ապա մարմնի ուրիշ մասեր էլ կան, դրանք էլ թող օգտագործեն»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերը, բայց նրա ասածը հասկացել է այնպես, որ մենք ոչ թե ընդհանրապես Արցախի հետ գործ չունենք, այլ չենք կարող խառնվել չպարզաբանված հարաբերություններին.

«Դա կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Կոնկրետ ես չեմ կարողանում հասկանալ` ո՞ւմ էր դա պետք, բայց չպետք է ժամանակից շուտ գնահատական տալ։

Բռնություն է եղել, երևույթը տգեղ է, դատապարռելի է, բայց ուրիշ բան, որ գնահատականներ տրվի ` պատճառները որոնք են, քաղաքական են, թե քրեական են։ Շրջանառվում են տարբեր վարկածներ, որոնք ավելի շատ խառնում են, իսկ մենք ուզում ենք երևույթը հասկանալ։ Մարդը ճանաչում է իրեն ծեծողներին։ Սամվել Բաբայանի հետ են կապում, որն արդեն արտահայտվել է։ Այս կոնտեքստում որ նայում ես, այստեղի քաղաքական գործիչը, որը չգիտի` բանն ինչումն է, գնահատականներ տա»։

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համաձայն չէր. «Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է ու մեզ համար նրա հեղինակությունը շատ կարևոր է։ Այսինքն` այնտեղի քաղաքական գործիչները, քաղաքացիները, զինվորականները չափազանց մեծ պատասխանատվություն են կրում: Արցախում ապրելն արդեն պատասխանատվություն է, ուրեմն՝ նրանք պետք է շատ զգույշ լինեն, շատ հոգատար լինեն Արցախի վարկի ու հեղինակության նկատմամբ, ով որևէ պրովոկացիա է թույլ տալիս, հարվածում է համայն հայությանը։ Ոչ ոք իրավունք չունի ինքնադատաստան կազմակերպելու, առավել ևս` չի կարելի հարձակվել իշխանության վրա։ Ես համարում եմ, որ հարձակում է եղել Արցախի իշխանության վրա, քանի որ ԱԺ պատգամավորի վրա են հարձակվել։ Պետք է արագ հայտնաբերել ու պատժել հանցագործներին։

Կարդացեք նաև

Իսկ մենք անպայման պետք է արձագանքենք, դա մեր հայրենիքն է։ Ո՞վ է ինձ արգելում, որ ես խառնվեմ Արցախի գործերին։ Իսկ տերմինաբանությունը` քթով, մռթով, դնչով, դա ի՞նչ ձև է։ Եթե դա հաջող պրովոկացիա է, ՀՀԿ ն նույնպես վարկաբեկվում է։ Եթե Մարգարիտան կամ Էդուարդը թիրախ են ընտրել ՀՀԿ-ին, ես ողջունում եմ։ Ուրիշ բաներ էլ կան, մարմնի ուրիշ մասեր էլ կան, դրանք էլ թող օգտագործեն իրենք իրենց հայհոյելու համար»։

Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ խնդիրը եթե-ներն են ու գնահատական տալու պրոցեսը։ Ա. Արշակյանն էլ հակադարձեց. «Դուք կարող եք գնահատական տալ, ես չե՞մ կարող. պետք է խառնվեմ։ Չեք կարող պաշտպանել, կոպիտ սխալ են արել, բայց եթե ձեզ խնդրել են, պաշտպանեք»։

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովն ու Մարգարիտ Եսայանը կոչ էին արել քաղաքական ուժերին «չխառնվել» և «քթները չմտցնել» ԼՂՀ ներքին գործերի մեջ:


Տեսանյութեր

Լրահոս