Հայաստանն ու Ադրբեջանը գլադիատորների են վերածվել միջազգային հանրության առջև. Արմեն Սմբատյան

«Ինձ մոտ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը գլադիատորների են վերածվել միջազգային հանրության աչքի առջև»,- ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, այս մասին Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։

«Կարծում եմ, որ որքան էլ ագրեսիվ հարաբերություններ լինեն, կան մարդիկ, որոնք պետք է հանուն հաջորդ սերունդների ստեղծեն այնպիսի մարդկանց կերպարներ, որոնք ի վիճակի են հաղորդակցվել միմյանց հետ` իրար չսիրելով հանդերձ, բայց միմյանց հարգելով: Զուտ եսասիրական մոտեցումներով` շատ հարմար է ասել` ոչ մի դեպքում, նրանք թշնամիներ են, հետո՞… ո՞րն է լինելու հետոն: Մենք ի՞նչ ենք թողնելու հաջորդ սերունդներին»,- ասում է Արմեն Սմբատյանը` ընդգծելով, որ ասում է բաներ, որոնք միգուցե շատ-շատերին դուր չգան:

Նրա ամփոփմամբ՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է հաղորդակցվեն. «Մենք հարևաններ ենք ու չենք կարող թռչել տիեզերք»:

«Պետք է գտնվեն մարդիկ, ովքեր հայացքը կնետեն ապագային։ Անհրաժեշտ է պայմանավորվել, մենք այլ ելք չունենք։ Այժմ՝ ագրեսիայից հետո, դրա մասին դժվար է խոսել, սակայն պետք է գտնել ելք, ոչ թե արդարացնել այն, ինչ տեղի է ունենում»,- հայտարարել է Արմեն Սմբատյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց tert.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս