 
                        Արյան անալիզը կօգնի դեղ ընտրել դեպրեսիայի դեմ. բրիտանացի գիտնականներ
 
                                    Լոնդոնի Թագավորական քոլեջի բժիշկները պնդում են, որ իրենց մշակած՝ արյան անալիզը կօգնի ավելի ճիշտ նշանակել դեղեր դեպրեսիայով տառապողներին, տեղեկացնում է BBC-ն:
Ներկայում բժիշկները հակադեպրեսանտներ են նշանակում փորձերի եւ սխալների մեթոդով՝ դիտարկելով, թե ինչ հակազդեցություն է առաջացնում այս կամ այն պատրաստուկը հիվանդի մոտ եւ անհրաժեշտության դեպքում փոխելով դեղը:
Դա հանգեցնում է այն բանին, որ դեպքերի մոտավորապես կեսի ժամանակ դեղը, որը բժիշկը առաջինն է նշանակում, չի գործում:
Նոր մեթոդը թույլ է տալիս առանձնացնել այն հիվանդներին, որոնց չեն համապատասխանում սովորական հակադեպրեսանտները: Բժիշկների գնահատմամբ՝ դեպրեսիայով տառապողների ընդհանուր թվում այդ մարդիկ կազմում են մոտավորապես մեկ երրորդը:
Դեպրեսիան հոգեկան առողջության շատ տարածված խնդիր է ամբողջ աշխարհում. տարբեր գնահատումներով՝ դրանից տառապում է բոլոր տարիքների մինչեւ 350 միլիոն մարդ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        