Բաժիններ՝

Հունաստանը դատապարտել է Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան կարդալու որոշումը

Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների որոշումը՝ Ռամադանի ընթացքում Ղուրան կարդալ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք՝ որպես հետադիմական քայլ ենք որակում ու դատապարտում թուրքական իշխանությունների հայտարարությունը՝ Ղուրան կարդալ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում Ռամադանի կապակցությամբ»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Ֆանատիզմին սահմանակից մուսուլմանական ծեսերը համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանում անհասկանալի են, անհարգալից վերաբերմունք ու իրականության հետ կապի բացակայության դրսևորում են: Բացի այդ՝ նման գործողությունները համատեղելի չեն ժամանակակից ժողովրդավարական ու աշխարհիկ հասարակությունների հետ»,- հայտարարել են Հունաստանի ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ մուսուլմանական Ռամադան տոնի ժամանակ ամեն օր Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան են կարդալու:

Հունիսի 6-ին՝ 1934 թվականից ի վեր առաջին անգամ, իմամը տաճարում սուրաներ է կարդացել Ղուրանից, իսկ բյուզանդական տաճարից աղոթքը հեռարձակել է թուրքական TRT հեռուստաալիքը:

Այդ գործողությունները կոշտ ռեակցիա էին առաջացրել Հունաստանում: ԶԼՄ-ները «սադրանք» էին որակել Թուրքիայի՝ տաճարը մզկիթի վերածելու որոշումը:

Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը ավելի քան 1000 տարի եղել է քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարը: Կ. Պոլսի անկումից հետո տաճարը վերածվել էր մզկիթի, սակայն 1934թ. Աթաթուրքի որոշմամբ այն վերածվել է թանգարանի ու ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս