Պարենային մթերքների գնային ինդեքսը մայիս ամսին աճ է գրանցել
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է մայիս ամսվա գնային ինդեքսը, համաձայն որի շաքարավազի գնով պայմանավորված` ընդհանուր ինդեքսը գրանցել է 2,1% աճ՝ հասնելով 155,8։ Ինդեքսն արդեն չորրորդ ամիսն է, ինչ աճ է գրանցում, սակայն այս ցուցանիշը դեռևս շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա այս ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից:
ՊԳԿ-ի պարենային մթերքների գնային ինդեքսը դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ: Գների աճ գրանցվել է բոլոր մթերքների համար, բացառությամբ ձեթի, որի գինը ապրիլին գրանցված աճից հետո իջել է։ Համաձայն ՊԳԿ-ի՝ շաքարավազի գնային ինդեքսը, որը հանդիսանում է ընդհանուր բարձրացման հիմնական պատճառը, մեծացել է 11,7%-ով՝ ի համեմատություն նախորդ ամսվա։ Հացահատիկի գնային ինդեքսը նույնպես բարձրացել է 1,6%-ով՝ համեմատած ապրիլյան ցուցանիշի՝ պայմանավորվ ած եգիպտացորենի գնի կտրուկ աճով։
Մսի գնային ինդեքսը մեծացել է 2%-ով, ինչը պայմանավորված է Ասիական երկրների կողմից նկատվող մեծ պահանջարկով։ Կաթնամթերքի գնային ինդեքսը, որը ներկայումս 24%-ով ավելի ցածր է, քան մեկ տարի առաջ գրանցված ցուցանիշը, նույնպես գրանցել է 0,4 տոկոս աճ՝ Եվրոպական միության տարածքում գնի աճով և կաթի փոշու և կարագի կայուն պահանաջարկով պայմանավորված։
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը 2016թ․ին կանխատեսում է ցորենի և եգիպտացորենի բերքի ավելի մեծ ծավալներ։ Ըստ ՊԳԿ-ի կանխատեսների՝ հացահատիկի արտադրության ծավալները կհասնեն 2543 միլլիոն տոննայի, ինչը ընդամենը 0,7%-ով է զիջում 2014թ․ի գրանցած ռեկորդային արդյունքներին։ Այսօր հրապարակված տվյալների համաձայն այն կլինի 17 միլլիոն տոննա ավելի շատ, քան կանխատեսվում էր մայիս ամսին, ինչը պայմանավորված է ցորեն և եգիպտացորեն արտադրող երկրներում ակնկալվող մեծ ծավալներով։
Հացահատիկի համաշխարհային առևտի ծավալները ըստ կանխատեսումների կիջնեն 1,9%-ով՝ ի համեմատություն նախորդ տարվա, հասնելով 369 միլլիոն տոննայի։ Ծավալների նվազման արդյունքում կմեծանա մրցակցությունը խոշոր արտահանողների շրջանում, ինչն էլ կարող է զսպել միջազգային գները։