Բաժիններ՝

«Ո՞վ պետք է գիշերվա ժամերին, երբ դիմացն ու կողքերն ազատ են, 30կմ/ժամ արագությամբ վարի». Էդուարդ Հովհաննիսյան

Օրերս Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց՝ լավ կլիներ, որ ՃՈ խոսքն ամրապնդվեր, հիմնավորվեր, թե այդ հատվածներում որքան վթարներ են եղել. «Ոչ թե վերցնում ու նվազեցնում են մինչև 30 արագություն: Այսօր պետք է գային և այս հարցերին պատասխան տային: Ես որքան գիտեմ` այստեղ հրավիրված են եղել Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, սակայն չեն եկել»:

Նա ընդգծեց, որ ցերեկային ժամերին այսպես թե այնպես Երևանի կենտրոնական փողոցներում 27 կմ/ժամ է միջին արագությունը. «Այդ ճանապարհներով ուզենաս էլ՝ չես կարող արագ երթևեկել. «Պետք է ցուցանակ տեղադրվեր, որը կթույլատրեր գիշերային ժամերին ավելի արագ վարել: Ո՞վ պետք է գիշերվա ժամերին, երբ դիմացն ու կողքերն ազատ են, 30կմ/ժամ արագությամբ վարի: Դա դրել են, որ ասեն` դե, դրել ենք էլի, որ ասեն, թե իրենք էլ են աշխատում»:

Հիշեցնենք, որ, ըստ ՃՈ հաղորդագրության՝ Քոչինյան փողոցում՝ Արամի և Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու և Նալբանդյան փողոցների հատվածում, տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվում է 30 կմ/ժ, իսկ Թումանյան փողոցում՝ Տերյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածում՝ 40 կմ/ժ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս