Ռուսաստանը հրաժարվում է տանկեր և կործանիչներ մատակարարել Իրանին
Ռուսաստանն Իրանին չի մատակարարի հարձակողական զենք՝ չնայած Թեհրանը հետաքրքրվում է ռուսական արտադրության տանկերով ու կործանիչներով: Այս մասին «Коммерсант»-ի հետ զրույցում հայտարարել է «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Նրա խոսքով՝ Իրանը հետաքրքրված է Ռուսաստանից Т-90 տանկերի և Սու-30СМ կործանիչների գնմամբ, սակայն այնտեղ այդպիսի զենք մատակարարել արգելում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Թեհրանի վրա դրված պատժամիջոցները:
Դրա հետ կապված՝ Չեմեզովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանին մատակարարել միայն այդ պատժամիջոցների տակ չընկնող զենք, այդ թվում՝ ՀՕՊ-ի համակարգեր: Մասնավորապես, նա հույս ունի արդեն մինչև այս տարվա վերջ լիովին իրագործել С-300 զենիթային համալիրների մատակարարման պայմանագիրն Իրանի հետ:
«Մենք ոչ մի անգամ չենք խախտել միջազգային պայմանավորվածությունները: Հիմա էլ չենք խախտի»,- հայտարարել է Չեմեզովը: